«Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանը մարտի 11-ին և 12-ին Երևանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկումներ 2011թ. մարտի 30-ին և 31-ին ժամը 16.00-23.00-ն (մոտավոր) Երևան քաղաքի Ազատության հրապարակում զանգվածային հրապարակային միջոցառում (հանրահավաք) և Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Հ. Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու մասին։
Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 14.03.2011թ. որոշումներով` արգելվել է Ազատության հրապարակում զանգվածային հրապարակային միջոցառման (հանրահավաք) անցկացումը` հետևյալ հիմնավորմամբ. նշված և դրան հաջորդող օրերին Ազատության հրապարակում անցկացվելու են այլ միջոցառումներ, որոնց վերաբերյալ իրազեկումները քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 23.02.2011թ., 02.03.2011թ. որոշումներով ընդունվել են ի գիտություն։
Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշումներով առաջարկվել է հանրահավաքներն անցկացնել Մատենադարանի հարակից տարածքում` իրազեկումների մեջ նշված օրը և ժամին, իսկ Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց – Հանրապետության հրապարակ – Նալբանդյան փողոց – Հ. Թումանյան փողոց – Մաշտոցի պողոտա երթուղով երթերի անցկացումն ընդունվել է ի գիտություն, հայտնում են Քաղաքապետարանից: