Այսօր Հայաստանում ընդդիմության համար բարենպաստ պայմաններ են ստեղծվում. երկրում փոփոխությունների և իրենց գործողությունների մասին պետք է մտածեն իշխանությունները, քանի որ իրենք կորցնելու բան ունեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը:
Կարապետյանն իսկական ընդդիմություն է համարում «Դաշնակցությանն» ու «Ժառանգությանը»:
«ՀՅԴ-ին ես միշտ համարել եմ ընդդիմություն», – հայտարարել է նա: Իսկ ինչ վերաբերում է «Ժառանգությանը», ապա ՆԺԿ-ի առաջնորդը, ելնելով իր կուսակցության փորձից, վերջիններին «եղբայրաբար» խորհուրդ է տվել պայքար ծավալել ոչ թե ուժային կառույցների, այլ իշխանության բարձրագույն օղակների դեմ։
Ինչ վերաբերում է Ժողովրդական կուսակցությանը` ի դեմս Տիգրան Կարապետյանին, ապա, Արամ Կարապետյանի խոսքով, նա իսկական ընդդիմություն չէ, և ինքն է բազմիցս հայտարարել իր` կենտրոնամետ լինելու մասին: Լրագրողի դիտարկմանը, թե Տիգրան Կարապետյանն այսօր պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը, ՆԺԿ ղեկավարն ասել է. «Ուրեմն ԱԼՄ-ի փակվելուց հետո Տիգրան Կարապետյանի մոտ հայացքներում լուրջ փոփոխություն է տեղի ունեցել»: