Հայ Ազգային Կոնգրեսը հաղորդագրություն է տարածել, որում անդրադարձ է կատարվում մարտի 13-ին ձերբակալված բռնցքամարտի ԽՍՀՄ բազմակի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և աշխարհի գավաթակիր Սամսոն Խաչատրյանին։
«Նա «կասկածվում է» իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու մեջ։ Դրա համար առիթ է ծառայել Հայ Ազգային Կոնգրեսի մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ ոչ մեծ քաշքշուկը։ Հանրահավաքից առաջ ոստիկանության հետ միասին քաղաքացական հագուստով մի խումբ սադրիչներ փորձել են հրմշտուկ ստեղծել ցուցարարների խիտ շարքերում՝ հարձակվելով մարդկանց վրա։ Ուրիշների թվում նաև Սամսոն Խաչատրյանը աշխատել է թույլ չտալ, որ հրմշտուկը մեծանա և մարդիկ ոտնակոխ լինեն։ Սադրիչները չեզոքացվել են։ Նույն օրը ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, հանրահավաքն անցել է առանց միջադեպերի», – նշում են հայտարարության հեղինակները։
Հայ Ազգային Կոնգրեսն այս առնչությամբ իր պահանջն է ներկայացրել իշխանություններին.
«Սամսոն Խաչատրյանի ձերբակությունը ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներ ունի։ Ամբողջ 13 օր որևէ կերպ պաշտոնապես չանդրադառնալով մարտի 1-ին հանրահավաքի հետ կապված հիշյալ միջադեպին, Սամսոն Խաչատրյանի ձերբակալելու որոշումը կայացվել է նախօրեին նրա հրապարակած հարցազրույցից («Չորրորդ Ինքնիշխանություն», 12.03.2011) անմիջապես հետո, որտեղ նա կոշտ գնահատականներ է տվել իշխանություններին, պահանջել նրանց հրաժարականը և հանրությանը կոչ արել ակտիվորեն մասնակցել մարտի 17-ի հանրահավաքին։ Վարչախմբին անհանգստացրել է աշխարհահռչակ մարզիկի խոսքի ազդեցությունը, և նրանք որոշել են այս կերպ չեզոքացնել այն։ Կատարվածն այլ բան չէ, քան Հայ Ազգային Կոնգրեսի մարտի 17-ի հանրահավաքին ընդառաջ ոստիկանական գործողություն, որը նպատակ ունի նվազեցնել հանրահավաքի մասնակիցների սպասվող մեծ թիվը, ինչի մասին շատ լավ տեղյակ է և ինչից խուճապի ու մղձավանջի է մատնված վարչախումբը։ Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է վարչախմբի ոստիկանական հերթական այս ապօրինությունը և պահանջում անմիջապես ազատ արձակել Սամսոն Խաչատրյանին»։