Վանաձորի հրապարակում այսօր ՀԱԿ-ի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչները և Վանաձորի բնակիչները հանրահավաք են անցկացրել` ի պաշտպանություն մարտի 13-ին ձերբակալված բռնցքամարտի ԽՍՀՄ բազմակի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և աշխարհի գավաթակիր, ծնունդով վանաձորցի Սամսոն Խաչատրյանի:
Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ-ի Վանաձորի գրասենյակի պատասխանատու, ՀՀՇ վարչության անդամ Աշոտ Մանուկյանը։
Վերջինս տեղեկացրել է, որ հանրահավաքից հետո իրենք երթով գնացել են դեպի մարզային դատախազություն, որտեղ նրանց հետ հանդիպել է մարզային դատախազը: Հանրահավաքի մասնակիցները սկզբում բանավոր կերպով դատախազին են ներկայացրել իրենց բողոքը, ապա ներկայացրել բողոքի գրավոր տարբերակը:
«Մենք մեր բողոքում նշել ենք, որ պահանջում ենք, որպեսզի ազատեն Սամսոն Խաչատրյանին, քանի որ նրա մեղադրանքը շինծու է: Դատախազը խոստացավ իր վերադասին ներկայացնել մեր բողոքը և օրինական ժամկետում տալ մեր բողոքի պատասխանը», – ասել է Մանուկյանը: