Այս պահին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Հայ Ազգային Կոնգրեսի համակիր, հայտնի բռնցքամարտիկ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սամսոն Խաչատրյանի գործով դատավարությունը` դատավոր Մնացական Մարտիրոսյանի գլխավորությամբ: Այսօր դատարանը որոշում է կայացնելու` Խաչատրյանին կալանքի տակ պահելու հետ կապված:
Սամսոն Խաչատրյանի փաստաբան Արա Զաքարյանը 30 րոպեով դուրս է եկել դահլիճից` նյութերին ծանոթանալու նպատակով:
Հիշեցնենք, որ Սամսոն Խաչատրյանը ձերբակալվել է մարտի 13-ին: Նրան մեղադրում են 316 հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)՝ կապված մարտի 1-ին տեղի ունեցած միջադեպի հետ:
Ըստ ոստիկանության` մարտի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Սամսոն Խաչատրյանը Երևանի Մաշտոց-Կորյուն փողոցների խաչմերուկում «չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, դիմադրություն է ցույց տվել և հարվածել` մարմնական վնասվածք պատճառելով ոստիկաններից մեկին»:
ՀԱԿ-ը Խաչատրյանի ձերբակալությունը որակել է որպես ոստիկանության սադրանք և քաղաքական հայացքների համար հետապնդում: