Չինական «Fortune oil» ընկերությունը, որը պետք է շահագործի Հրազդանի երկաթի հանքավայրը, արդեն սկսել է հանքին մոտ բնակավայրերի բնակիչներին ապակողնորոշելով` տեղահան անել, գրում է «Առավոտ» օրաթերթը:
Այս օրերին 5-րդ բանավան թաղամասի բնակարաններն են մտնում անհայտ անձինք և առանց ներկայանալու` բնակիչներից ստորագրություն վերցնում, իբր թե նրանք համաձայն են լքել իրենց բնակարանները: Բանն այն է, որ բնակիչներն անգամ չգիտեն էլ, թե ինչ է կատարվում. նրանց համոզում են, որ լավագույն պայմաններով կգնեն նրանց բնակարանները, իսկ այդ ժամանակահատվածում բնակիչներին հորդորում են վարձով բնակարան գտնել և հնարավորինս շուտ տեղափոխվել: Սակայն ոչ մի խոսք, թե այդ մարդկանց վարձած բնակարանների գումարներն ո՞վ է մուծելու, մինչ ընկերությունը նրանցից գնած բնակարանների դիմաց գումար վճարի: Մինչ բնակիչներից ստորագրություններ կորզելը, «Fortune oil» ընկերության ներկայացուցիչները անգամ հասարակական լսումներ չեն անցկացրել , ոչ էլ բնակիչներին` հանքի շահագործման և ֆաբրիկա կառուցելու վերաբերյալ նախագիծ են ներկայացրել, ինչպես որ նման դեպքերում օրենքն է պահանջում : Բնակիչների համոզմամբ, իրենք շատ լավ հասկանում են, որ իրենց գլխի տակ փափուկ բարձ են դնում`իբր թե լավագույն պայմաններով կգնեն նրանց բնակարանները , սակայն վստահ են, որ ժամանակը գա` իրենց խաբելու են և հարկադրաբար դուրս գցեն, ինչպես սովորաբար մեր երկրում տեղի են ունենում նման դեպքերը: