«Հրապարակ» օրաթերթում Վահագն Թևոսյանն անդրադարձել է վերջին օրերին հայաստանյան հասարակությանը հուզող թեմայի:
Անցած շաբաթվանից Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը նոր փոխադրամիջոցով է գալիս աշխատանքի: Փոխադրամիջոցը կոչվում է «Բենթլի», և այս մեքենայի գինը , կախված մոդելից, տատանվում է 100 հազարից մինչև 500 հազար եվրո: «Արդ, այսպես էլ` ձեզնից ով որ իր ամբողջ ունեցվածքից չհրաժարվի, չի կարող Իմ աշակերտը լինել»,-այս կապակցությամբ ասել է Հիսուս Քրիստոսը (Ղուկ. 14:33): «Սրբազանն էլ է մարդ, ով ունի մասնավոր սեփականություն և գույք, այսինքն` այդ մարդն իրավունք չունի՞ մեքենա ունենալ կամ մեքենա նվեր ստանալ, դրանում ի՞նչ վատ բան կա»,- ի պատասխան` հարց է տվել Արարատյան թեմի մամլո դիվանի պատասխանատու Էլզա Մանուկյանը: «Գանձեր մի՛ դիզեք ձեզ համար երկրի վրա, ուր ցեց և ժանգ ոչնչացնում են. քանի որ, ուր ձեր գանձերն են, այնտեղ և ձեր սրտերը կլինեն»,-փորձել է բացատրել Հիսուս Քրիստոսը (Մատթ. 6:19-21): «Իմ սանիկներից մեկն իմ «Մերսեդեսը» վերցրել ա և տեղը «Բենթլի» ա տվել: Էդ ինքն ուզեց` ես իրան տվեցի, ինքն էլ դրա տեղը դա տվեց: Ի՞նչ կա դրա մեջ»,-արդարացել է Նավասարդ Կճոյանը: Ներկայումս 1710-ամյա քրիստոնյա ազգը երկմտանքի մեջ է, թե ով է հաղթելու այս բանավեճում…