ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իր տրամադրությունը լավ է:
«Այն պրոցեսները, որ Հայաստանում գնում են, ինձ դուր են գալիս, դա մեր աշխատանքի արդյունքն է, տրամադրությունս այդ պատճառով լավ է», – ասել է Մանուկյանը:
Նա ողջունել է Րաֆֆի Հովհաննսյանի «քաղաքական դրսևորումը, համարձակ քայլը».
«Միայն ողջունում եմ, որովհետև նրանք, ովքեր այս իշխանության հետ ճանապարհ չունեն, այլ առաջարկներ ունեն, մենք համախոհ ենք, ես որևէ խնդիր չեմ տեսնում, իսկապես ողջունում եմ քայլը, աջակցում եմ: Սա մի տեսակ արագ քայլ էր, բայց եկեք էսպես անենք` եթե ինքն էդպես է արել, եկեք չքննարկենք: Անժամկետ հացադուլը շատ ռադիկալ է և վտանգավոր: Չմտածեք, թե քննադատում եմ, լավ է արել, ճիշտ է արել, համարձակ քայլ է, դա իր իրավունքն է: Բայց եթե կա ժողովրդական իսկական շարժում, եթե նա էլ նպաստում է, թող նպաստի, ինչ ասեմ»,- հայտարարել է Մանուկյանը:
Այնուամենայնիվ, Մանուկյանը կարծիք է հայտնել, որ այս պահին հացադուլը ճիշտ պայքարի ձև չէ:
«Կարող ա, երեք օր հետո հասունանա, չգիտեմ, բայց այս պահին չեմ համարում: Դա ինձ համար: Րաֆֆին իր որոշման տերն ա», – ասել է Մանուկյանը:
Նա նաև նշել է, որ Հայ Ազգային Կոնգրեսը ոչ քաղաքական դաշտն է սեփականաշնորհել, ոչ Մատենադարանը:
«Որևէ տեղ չկա, որ ասենք միայն մերն է: Մենք ընդամենը ժողովրդի պրոբլեմներին, ցանկություներին, պահանջներին համաքայլ քայլող քաղաքական ուժ ենք և ողջունում ենք բոլոր նմանատիպ գործունեություն իրականացնող քաղաքական ուժերին, ով էլ լինի: Եվ ամենևին մեզ համար կապ չունի, թե ով է էս իշխանությունից պահանջում հրաժարական, ով է ժողովրդի իրավունքների համար պայքարում: Էդ առումով, ձեզ թվում էր` ես ձև եմ անում, թե Տիգրան Կարապետյանը վատ բան է անում. չէ, լավ բան է անում: Եթե դա ժողովրդին հույս ա տալիս, քաղաքացի ա դարձնում, իր իրավունքներին տեր ա դարձնում, ես ողջունում եմ, մենակ չխաբեն, մենակ Գեղամյան ու Արթուրիկ (նկատի ունի Արտաշես Գեղամյանին և Արթուր Բաղդասարյանին) չդառնան»,- նշել է բանախոսը: