Home / Հայաստան / Գյումրիի քաղաքային իշխանություններից պահանջում են դադարեցնել «հակաեղևնային քաղաքականությունը»

Գյումրիի քաղաքային իշխանություններից պահանջում են դադարեցնել «հակաեղևնային քաղաքականությունը»

Մարտի 11-ին Գյումրիի 30 հասարակական կազմակերպություններ Գյումրիի քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետի, քաղաքապետի գլխավոր խորհրդականի, քաղաքաշինության բաժնի պետի և գլխավոր դենդրոլոգի հետ հանրային քննարկում անցկացնելուց հետո հայտարարություն են կազմել, որն ուղղել են ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին, ՀՀ Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանին, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին և Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին:

«Շարունակելով Գյումրի քաղաքի պատմական կենտրոնի կետային կառուցապատումը` խախտելով քաղաքաշինական և բնապահպանական բազմաթիվ նորմեր, քաղաքային իշխանությունները ըստ էության արհամարում են «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ հողային օրենսգրքի, Գյումրի քաղաքի գլխավոր հատակագծի ու գոտիավորման նախագծի պահանջները: Գյումրու Վարդանանց հրապարակը (նախկին Ազատության, Կենտրոնական, Օգոստոսի 23-ի), որը ըստ գոտիավորման նախագծի նախատեսված էր որպես կանաչ հրապարակ, 2008թ. պատվեց քարե գորգով և դա քաղաքային բյուջեից խլեց ավելի քան 180 մլն դրամ (ավելի քան կես միլիոն դոլար)», – նշում են հայտարարության հեղինակները:

Նրանք նշում են, որ Չերազի և Սպանդարյան փողոցները հրապարակին հարող հատվածում իրար միացնող մոտ 80 մ ճանապարհահատվածի կառուցման համար ծախսվեց 52 մլն դրամ և հատվեցին ավելի քան 40 ծառ և թուփ:

«Վերջինիս հարևանությամբ` հրապարակի և այդ փողոցի արանքում թողնված կանաչ կղզյակը, որը բաղկացած է ութ եղևնիներից, այսօր գտնվում է քաղաքային իշխանությունների քաղաքաշինական հետաքրքրությունների էպիկենտրոնում. դրանք քաղաքապետարանը նախատեսում է տեղափոխել, այնինչ ըստ քաղաքապետարանի գլխավոր դենդրոլոգի` տեղափոխելուց հետո նոր վայրում դրանց աճելու հավանականությունը շատ փոքր է:

Ըստ քաղաքի գլխավոր ճարտարապետի հիմնավորման, իբր, քանի որ այդ եղևնիները կորցրել են իրենց էսթետիկական տեսքը, փակում են ճարտարապետական մեծ արժեք ունեցող շենքերի ճակատները և թույլ չեն տալիս ամբողջացնել հրապարակի անսամբլը, ապա ենթակա են տեղափոխման ու փոխարինման ցածր թփերով ու ծաղիկներով:

2007 թվականի հոկտեմբերից մեր հիշողությունների մեջ դեռևս թարմ են Գյումրու Անկախության հրապարակի յոթ եղևնիների հատումն ու դրանց փոխարեն գնդաձև ակացիներ տնկելու մինչ օրս չիրականացված ավագանու որոշման մասին հուշերը:

Կարծես ողջ Գյումրիում չկա ավելի կարևոր մեկ այլ քաղաքաշինական խնդիր եւ քաղաքային բյուջեն այնքան մեծ հնարավորություններ ունի, որ քաղաքային իշխանությունները սրտանց կենտրոնացել են միայն ծառերի տեղափոխման վրա, երբ դրանցից յուրաքանչյուրի տեղափոխման ծախսը, ըստ «Լանդշաֆտ դիզայն» ՍՊԸ-ի կատարած նախահաշվի կազմում է 313 714 դրամ», – ասված է հայտարարության մեջ:

Հասարակական կազմակերպությունները պնդում են, որ «վերը նշված հակաեղևնային քաղաքականության հաջորդ զոհերը Վարդանանց հրապարակի «Կումայրի» հյուրանոցի դիմացի տասներկու և Գյումրու Արագած ճեմափողոցի ինն եղևնիներն են, որոնք, իբր թե «խաթարում են» հրապարակի և ճեմափողոցի քաղաքաշինական տեսքն ու ենթակա են տեղափոխման»:

«Ելնելով ստեղծված իրավիճակից, մենք Գյումրու ներքոստորագրյալ քաղաքացիներս և կազմակերպություններս կարծում ենք, որ այլևս անընդունելի է այս հակաեղևնային քաղաքականությունն ու կանաչ տարածքների ոչնչացման հաշվին կառուցապատում իրականացնելու ՏԻՄ-ի գործելակերպը և Գյումրու Վարդանանց հրապարակի ու Արագած ճեմափողոցի քաղաքաշինական ներկա վիճակի ու պլանավորվող աշխատանքների վերաբերյալ, առաջարկում ենք.

–       Հրաժարվել Վարդանանց հրապարակում և Արագած ճեմափողոցում աճող եղևնիները տեղափոխելու մտքից, քանի որ եղեւնիների տեղափոխման գաղափարը համարում ենք չհիմնավորված, չարդարացված ու պարզապես համայնքային միջոցների վատնում:

–       Շահումյան փողոց 188 շենքի և Վարդանանց հրապարակի միջև գտնվող տարածքը (նախկին բացօթյա սրճարանի տարածքը) այս տարվա ընթացքում կանաչապատել ու բարեկարգել, կամ նույն նպատակով օրենքով սահմանված կարգով տրամադրել Գյումրու բնապահպանական ոլորտի հասարակական կազմակերպություններին` պահպանելով տվյալ տարածքի համայնքային պատկանելությունը:

–       Արագած ճեմափողոցի համար օրենքով սահմանված կարգով մշակել կառուցապատման և բարեկարգման մեկ համալիր սխեմա, հաշվի առնելով գլխավոր հատակագծի եւ գոտիավորման նախագծի պահանջներն ու չափորոշիչները, ինչպես նաևճեմափողոցի ամբողջական կոմպոզիցիոն և ծավալատարածական լուծումներ տալու անհրաժեշտությունը:

–       Դեպի Արագած ճեմափողոց ելք ունեցող սպասարկման օբյեկտների սպասարկումն իրականացնելու թույլտվություն տալ դրանց ետնամասերից, արգելելով մեքենաների մուտքը ճեմափողոց, ինչպես Սպանդարյան փողոցի, այնպես էլ Հաղթանակի պողոտայի կողմերից, բացառությամբ օրենքով սահմանված արտակարգ դեպքերի:

–       Հրաժարվել ճեմափողոցի մեջտեղում ավտոկայանատեղի տեղակայելու մտքից և հնարավորինս մեծացնել կանաչապատման մակերեսը այդ տարածքում:

–       Բացառել Արագած ճեմափողոցի և նրան հարող տարածքների հետագա կառուցապատումը եւ նեղացումը, գազոնների եւ կանաչ տարածքների հաշվին:

–       Արագած ճեմափողոցում տեղակայված շինությունների ճակատային մասերի ճարտարապետական տեսքը ամբողջացնել, ենթարկվելով ոճային ու տրամաբանական մեկ սկզբունքի:

–       Պահպանել Արագած ճեմափողոցում աճող ծառերը, անկախ դրանց տեսակից, տարիքից, խնամվածության աստիճանից եւ այլ բնութագրիչներից, ինչպես նաեւ դրանք տարբեր քաղաքաշինական լուծումներով ներառել լանդշաֆտի մեջ:

–       Չեղյալ հայտարարել Արագած ճեմափողոցի կենտրոնական հատվածում` ընդհանուր օգտագործման կանաչ տարածքում, առեւտրի եւ սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով քաղաքացի Ա.Անտիկյանին կառուցապատման իրավունքով հողամասի տրամադրման վերաբերյալ քաղաքապետի 2009թ. փետրվարի 26-ի N300-Ա որոշումը, վերացնել ինքնակամ շինարարական աշխատանքների հետեւանքները եւ տվյալ տարածքը կանաչապատել:

–       Կենսամիջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին այսուհետ իրականացնել հանրության պատշաճ իրազեկում և անցկացնել հասարակական քննարկումներ` համաձայն 28.10.1998թ.  Կառավարության թիվ 660 որոշման պահանջների, Գյումրի քաղաքի շահագրգիռ հասարակությանը մասնակից դարձնելով կենսամիջավայրի փոփոխություններին վերաբերող որոշումների կայացման գործընթացին»: