Լիպեցկի հայկական, ադրբեջանական և հրեական համայնքները որոշել են միավորվել մեկ միջազգային հասարակական կազմակերպության մեջ, հաղորդում է gorod48.ru-ն:
Ինչպես հայտնել է Ռուսաստանում Հայերի միության Լիպեցկի ներկայացուցչության ղեկավար Վլադիմիր Մալխասյանը, ազգամիջյան սերտ շփումը և հասարակական կազմակերպության ստեղծման գաղափարը ծնվել է մոտ երեք տարի առաջ:
Ըստ Մալխասյանի` այսօր, երբ հասարակության մեջ ավելի ու ավելի հաճախ են անհամաձայնություններ ծագում ազգային հողի վրա, միմյանց ավելի լավ ճանաչելու, այլոց ազգային ավանդույթներին և մշակույթին ծանոթանալու անհրաժեշտություն է առաջանում:
«Որոշ ժամանակ առաջ, մենք` հայերս, ադրբեջանցիներն ու հրեաները, սկսեցինք ավելի սերտ շփվել միմյանց հետ»,- ասել է նա:
Մալխասյանի խոսքով`իրենք հավաքվում էինք ընտանիքներով, ազգային մշակույթի փառատոններ էին կազմակերպում, ֆուտբոլային մրցաշարեր էին անցկացնում: «Արդյունքում` հասարակական կազմակերպություն ստեղծելու գաղափար ծնվեց, այնպիսի կազմակերպություն, որի մեջ կարող էին մտնել տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Նշեմ, որ մեր գաղափարներին միշտ սատարել են Լիպեցկի քաղաքային իշխանությունները, իսկ այս անգամ որոշել է աջակցել «Ազգերի տուն» նախաձեռնությանը»,- պատմել է Մալխասյանը:
Շուտով բոլոր երեք համայնքները`հայերը, ադրբեջանցիներն ու հրեաները նախատեսում են առաջին համատեղ ակցիան անցկացնել: Նրանք որոշել են ծառատունկ իրականացնել անցյալ տարի ձմռանը անտառային հրդեհներից տուժած հողատարածքներում: