Լիբիայի ընդդիմությունը, որն այդպես էլ կառուցողական աջակցություն չստացավ միջազգային հանրության կողմից, կորցնում է Քադաֆիի համակիրներին դիմագրավելու և երկրի իշխանությունն իր ձեռքը վերցնելու հնարավորությունը:
Իշխանամետ ուժերն արդեն գրավել են Աժդաբիան, որը դեպի Բենղազի տանող ընդդիմության վերջին հենակետն էր: Նշենք, որ Բենղազիում է գտնվում ընդդիմադիր կառավարությունից բաղկացած Անցումային Ազգային խորհուրդը: Քադաֆիի բանակը ռմբակոծում է Միսրատուն երկրի արևմուտքում: Անգամ Արևմուտքը, որը երես էր թեքել Քադաֆիից, նրանից հաղթանակ է ակնկալում մոտակա ժամանակներս:
Euronews-ի հետ զրույցում Քադաֆին հայտարարել է, որ ընդամենը 2 օրվա ընթացքում իշխանական ուժերը վերջնական հաղթանակ կտանեն: «Ռազմական գործողությունները դադարեցվել են: Երկու օր անց ամեն ինչ կավարտվի: Մեր ուժերը շուտով կմտնեն Բենղազի»,- հայտարարել է նա:
Միաժամանակ, նա ընդգծել է, որ անկախ նրանից` Լիբիայի օդային տարածքը թռիչքային համարել կամ չհամարելու մասին ինչ որոշում կընդունի Արևմուտքը, ոչինչ չի փոխվի:
Նրա խոսքով` ապստամբներից շատերը փորձում են Եգիպտոս տեղափոխվել, իսկ իշխանությունները չեն պատրաստվում կանգնեցենել այդ արտահոսքը: «Պետք է ձեզ ասեմ, որ սահմաններին մարդկանց բազմություն է կուտակվել, որոնք ցանկանում են Եգիպտոս անցնել: Եվ մենք ուժայինների և ողջ ժողովրդի հետ որոշել ենք` թող հեռանան դավաճանները, մենք նրանց համար ազատ ելք կապահովենք: Թող հեռանան բոլոր նրանք, ովքեր կապ էին հաստատել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի հետ, նրանք, ովքեր պահանջում էին բրիտանական ուժերի, ամերիկյան բանակի վերադարձն ու ՆԱՏՕ-ի միջամտությունը»,- հայտարարել է Քադաֆին:
Պետական հեռուստաալիքի եթերում Աժդաբիում իշխանամետ ուժերի հաղթանակի մասին արված հայտարարությունից հետո Քադաֆիի համակիրները դուրս են եկել Տրիպոլիի Կանաչ հրապարակ: Տասնյակ մարդիկ պարում էին իրենց առաջնորդի հսկայական նկարի մոտ, կրակում էին և դրոշներ էին թափահարում:
Ապստամբներից մեկը` Ադել Յախյան, հեռախոսով պատմել է Reuters-ին, որ բանակն իրոք գրավել է քաղաքը: «Ես դուրս եկա Քադաֆիի զինվորների մոտ և ասացի, որ զենք ունեմ, և տվեցի նրանց: Մենք նրանց տվեցինք մեր զենքերը, իսկ նրանք պատասխանեցին, որ մենք պետք է փողոց դուրս գանք և Քադաֆիի հաղթանակը տոնենք: Մենք պարտվեցինք»,- ասել է նա: