Ղարաբաղյան հակամարտության հարցում Հայաստանի դիրքերն աստիճանաբար թուլանում են, Day.az-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքական փարձագիտության Միջազգային ինստիտուտի տնօրեն, հայտնի ռուսաստանյան քաղաքագետ Եվգենի Մինչենկոն:
«Այստեղ պետք է հաշվի առնել ոչ միայն Ադրբեջանի դիրքորոշումը այլ նաև Ռուսաստանում ծավալվող բավական լուրջ լոբբիստական քաղաքականությունը: Ինչպես նաև չպետք է մոռանալ Թուրքիայի ճնշման մասին և այն, որ Ռուսաստանը Թուրքիայի հետ մեծ աշխարհաքաղաքական խաղ է տանում: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ աստիաճանաբար Հայաստանին կստիպեն գնալ որոշ զիջումների: Միևնույն ժամանակ, իմաստ չունի հուսալ, որ կարճ ժամկետներում ղարաբաղյան հակամարտության շուրջ գոյություն ունեցող իրավիճակը կկարգավորվի»,- նշել է քաղաքագետը:
Փորձագետի կարծիքով` ԵԱՀԿ ՄԽ-ի երեք համանախագահներից Ռուսաստանն այսօր համարվում է ամենաակտիվ միջնորդը: ԱՄՆ-ն և Ֆրանսիան ավելի նվազ ակտիվություն ունեն: «Այս երկու երկրները ղարաբաղյան հակամարտության արագ կարգավորման հնարավորություն չեն տեսնում և չեն ցանկանում լրջորեն միջամտել այդ հարցին», – ընդգծել է Մինչենկոն:
Նա նշել է նաև, որ ղարաբաղյան հիմնահարցում Թեհրանի կամ Անկարայի միջամտությունը Վաշինգտոնի դիմադրությանը կարժանանա. «Եթե խոսքը վերաբերում է Իրանին, Սպիտակ տան արձագանքը, կարծում եմ, հասկանալի կլինի: Իսկ ինչ վերաբերում է Թուրքիային, ապա վերջինիս արտաքին քաղաքականությունը ևս վերջին շրջանում ամերիկացիներին լրջորեն անհանգստացնում է»: