ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որտեղ քննարկվել են մարզերի սոցիալ-տնտեսական իրավիճակը, զարգացման ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրները, ամփոփվել են 2010թ. կատարված աշխատանքները, ինչպես նաև անդրադարձ է եղել 2011թ. համար նախատեսված ծրագրերին ու դրանց արդյունավետ իրականացմանը: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը և հանրապետության մարզպետները:
«Մեզնից որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր երկրում առկա հիմնահարցերի` աղքատության, սոցիալական խնդիրների և դրանցով պայմանավորված իշխանությունների առջև ծառացած մարտահրավերների առյուծի բաժինը գտնվում է հենց մեր մարզերում: Մարզերում է նաև, որ գերակշռում է մարդկանց հուսախաբությունը, հաճախ` լքված լինելու զգացումը, դրա արդյունքում առաջացած հոռետեսական մթնոլորտը: Անարդարության զգացումը, որ ամենատարբեր առիթներով առաջանում է մարդկանց մոտ, ծնում է անկարողության անհաղթահարելի մի պատնեշ, որին մարդիկ բախվելով, դառնում են շատ դյուրագրգիռ, էմոցիոնալ: Սա տխուր իրականություն է: Անշուշտ, այդ իրականությունը կարելի է բացատրել շատ գործոններով. օրինակ` բոլոր զարգացող երկրներին բնորոշ հանգամանքներով, կարելի է բացատրել աշխարհաքաղաքական իրողություններով, վերջապես կարելի է բացատրել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցություններով: Բայց սոսկ բացատրություններ գտնել առկա մարդկային հոգսերի առաջացման պատճառների մասին, նշանակում է պատասխանատվությունը գցել իշխանավորների ուսերից: Սա սխալ մոտեցում է:
Մարդիկ, առաջին հերթին, կարիք ունեն լսված լինելու, մարդիկ, առաջին հերթին, կարիք ունեն հասկացված լինելու: Անկարողության այդ մթնոլորտը փարատելու միակ ճիշտ ճանապարհը դա է: Մինչև հիմա մարդկությունն այլ ավելի արդյունավետ ճանապարհ չի գտել: Եվ ես համոզված եմ, վստահ եմ` դուք էլ եք համոզված. մարդիկ դժվարությունների հետ կարող են համակերպվել, և միշտ չէ, որ դժգոհությունը շատ մեծ կլինի: Դժգոհությունը մեծ է լինում այն դեպքում, երբ նրանք զրկված են լինում լսված լինելու հավասար հնարավորություններից: Սա պետք է լինի ձեր հիմնական աշխատանքը»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Նախագահը նշել է, որ իր պատկերացմամբ մարզպետը մարզի լոկ ղեկավարը չէ. նա պետք է լինի մարզի բնակչության առաջնորդը, նրա հոգսերի կիսողը, նրա խնդիրները ներկայացնողը պետական ատյաններում, արդարության մթնոլորտ հաստատողը մարզում, և, իհարկե, պետք է լինի նաև տեղական իշխանիկներին զսպողը:
«Երբ ես ասում եմ տեղական իշխանիկների մասին, ես նաև ուզում եմ ասել, որ ձեզնից էլ որևէ մեկը չպետք է դառնա տեղական իշխանիկ: Այդ հոգեբանությունը պետք է բացառվի: Դուք պետք է դրա համար օրինակ հանդիսանաք: Դուք և մենք ժողովրդի սպասարկողներն ենք: Եվ մենք մեր աշխատանքը լավ պետք է կատարենք, մանավանդ` հիմա, երբ եղած դժվարություններին գումարվել են նորերը, որոնք կապված են, ինչու չէ, նաև գնաճի հետ, համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող բարդ զարգացումների հետ»,- մասնավորապես, ասել է Սերժ Սարգսյանը: