Րաֆֆի Հովհաննիսյանն իր առաջին գիշերն Ազատության հրապարակում լավ է անցկացրել` չնայած ցուրտ եղանակին:
«Մարդկային ներկայությամբ շատ ջերմ անցավ, համաքաղաքացիները, բազմաթիվ կազմակերպությունների ներկայացուցիչներն այցելում էին, զորակցում, այդ սրտաբուխ նեցուկն ինձ համար անակնկալ էր, քանի որ ես չէի հրավիրել ոչ ոքի: Բոլոր դեպքերում, քաղաքացիական գիտակցություն կա, որ մեր առջև կա հավաքական խնդիր լուծելու, և սա մի հոգու պայքար չէ»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է Րաֆֆի Հովհանիսյանը:
Նա պատմել է, որ գիշերը քաղաքացիներն իրենց նախաձեռնությամբ ցանկացել են վրան դնել, և ոստիկանների հետ բանակցել է Լարիսա Ալավերդյանը.
«Ոստիկանները չուզեցին թույլ տալ, բայց դա իմ հարցը չէ, եթե իշխանությունները ոստիկանների միջոցով չեն թույլ տալիս դա անել, դա իմ պահանջների մեջ չի մտնում, կարող եմ նաև էսպես էլ մնալ: Ոստիկաններն առանց որևէ պատճառաբանության, առանց որևէ օրենքի հղում անելու թույլ չտվեցին»:
Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ չնայած բոլոր պատկան մարմինները տեղյակ են իր հացադուլի մասին, իրեն շտապօգնությունը չի այցելել.
«Իմ ինքնազգացողությունը լավ է, բայց նման այցելություն չի եղել»:
Մեր այն հարցին, թե մինչև երբ է Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում հացադուլի մեջ մնալ, նա ասել է.
«Այնքան, որքան Աստված կամք տա, և իմ մարմինը դիմանա: Ես կլինեմ մեզ բոլորիս պատկանող Ազատության հրապարակում, որ միայն հրապարակ չէ, խորհուրդ է, պատկանելիություն է, որը նաև մեր երկրի խորհուրդն է` դա իմն է, քոնն է, բոլորինն է, և այդ իրավունքը` ընտրելու, իշխանություն ձևավորելու, պատկանելու իրավունքը, որ պետք է տրվի, վերադարձվի ժողովրդին, վերաբերում է նաև այս հրապարակին` արտահայտվելու, հավաքվելու, նաև իր հայ լինելու իրավունքն իրացնելու առումով»,- ասել է Հովհաննիսյանը:
Նա նշել է, որ «պահանջներ» ձևակերպումը ինքը չի օգտագործում, ինչը համարում է, որ կարող է տարօրինակ թվալ.
«Ես կարծում եմ, որ պահանջը դա ժողովրդի որոշումն է, և այն արդեն վաղուց որոշվել է, բոլորը գիտեն, որ մենք մեծ սխալի մեջ ենք ապրում, այդ սխալն ուղղելու, այս արտակարգ իրավիճակը հանգուցալուծելու արտակարգ միջոցառումներ կան, բոլորը գիտեն` դրանք ինչ են, խոսվել է դրա մասին: Հիմա հարցն այն է, թե այս առաջիկա ժամանակահատվածում գործող իշխանություններն իրենց վրա կվերցնեն այդ ինքնազրկանքի ճանապարհը` արտացոլելով իմ այս համեստ ինքնազրկանքը: Եվ երկրորդ, եթե հասարակությունն ինքը կհասկանա, որ իսկապես իր ճակատագիրը, մեր հավաքական լուծումը գտնվում է հանրության ձեռքում, և ոչ մեկը հանրության փոխարեն չի լուծելու… այս իրավատիրության, ինքնակազմակերպման, քաղաքացիական իսկական հանրություն ստեղծելու խնդիրը դրված է, և առաջիկա զարգացումները ցույց կտան այդ երկու ճակատներին եթե որևէ զարգացում կլինի: Անկախ ամեն ինչից` ես կմնամ այստեղ այնքան, որքան իմ այս մահկանացուն, մարմինը թույլ տա»,- ասել է Հովհաննիսյանը: