Այսօր 19:00-ի սահմաններում ոստիկանությունն ընդդիմության հետ բանակցություններից հետո բացեց Ազատության հրապարակի մուտքերը, և ՀԱԿ-ի հանրահավաքը շարունակվեց:
Հավաքվածներին դիմել է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով նշել է, որ հանրահավաքային հռետորաբանությունն ավարտվեց:
«Ես ուզում եմ ձեզ հետ պարզապես զրուցել: Ես գիտեմ` ձեզանից շատերն ինձ պապի են ասում: Դա ինձ համար ամենամեծ պատիվն է, և ես հպարտ եմ դրա համար, հիմա ընդունեք պապու խոսքը: Ես այսօր հանրահավաքի առջև չեմ ելույթ ունենում, ես ուզում եմ զրուցել ձեզանից յուրաքանչյուրի հետ: Իմ խոսքը ընդունեք այդպես: Մենք ձեզ հետ միասին այսօր մեծ գործ ենք կերտում: Գուցե այս երկրի, մեր հայրենիքի, մեր սուրբ հողի ճակատագիրն ենք լուծում: Որ բոլորդ հակվեք այդ գիտակցության: Այստեղ հանդիսատես չկա, այստեղ բոլորդ մասնակից եք: Դա միաժամանակ մեր բոլորի համատեղ ընդհանուր գործն է, բայց նույն պահին նաև յուրաքանչյուրիս գործը: Եթե այս ներդաշնակությունը չլինի, մեր գործը հաջողություն չի ունենա, մեր ուժը մեր ինքնավստահությունն է, մեր զսպվածությունը, հաղթում է զուսպը, հաղթում է ինքնավստահը և ոչ թե հախուռնը կամ խելագարը», – ասել է Տեր-Պետրոսյանը:
Նա նշել է, որ ընդդիմության խնդիրը մեկ օրում լուծելի խնդիր չէ, մեկ օրվա գործ չէ:
«Երկար էլ չի տևելու, մի մտահոգվեք, կարճատև, բայց համակարգված, զուսպ, այստեղ հաղթելու է կամքը: Եվ ես դրանում չեմ կասկածում, որովհետև կա ժողովուրդ, կա այդ ժողովրդին ղեկավարող, առաջնորդող հզոր կազմակերպություն, որն այդ պատիվը վաստակել է 3 տարվա համառ պայքարի մաքառման գնով: Այստեղ դուք կասկածելու որևէ հիմք չպետք է ունենաք: Քիչ առաջ ես խոսեցի իմ բարձունքի ելույթում, մենք գիտենք ձեր հույզերը, ձեր տրամադրությունները, ձեր անհամբերությունը, հիմա, այսօր, այս պահին, դա շատ լավ է, հրաշք է դա, մեզ լիցք է տալիս, բայց ես վստահ եմ, որ այդպես տրամադրվածները հասկանում են, որ կազմակերպվածության և զսպվածության և համատեղ որոշումների պարտադիր լինելը բոլորիս համար: Մենք մարտի 1-ից սկսած արդեն համատեղ որոշումներ ենք կայացնում, այսօր էլ մենք որոշում կայացրինք, մի հատ էլ կկայացնենք: Ես ուզում եմ ասել, թե այսօր որն է մեր խնդիրը: Մարտի մեկին մենք ընդարձակ ծրագիր ենք ներկայացրել, կարճաժամկետ իրականացման ծրագիր` ընտրելով ամենահրատապ խնդիրները, որոնք այսօր պետք է լուծել` չսպասելով անգամ իշխանափոխության, որովհետև կա պետություն, կան պետական ինստիտուտներ, որոնք, հավանենք, թե չհավանենք, գոյություն ունեն և գործում են: Մենք որևէ մտադրություն չունենք պայքարել պետության ինստիտուտների դեմ, մեր պայքարը այդ ինստիտուտների բովանդակությունը խաթարողների դեմ է», – հայտարարել է ՀԱԿ առաջնորդը:
Նա նշել է, որ ընդդիմության ղեկավարությունը միամիտ չէ, որ չհասկանա, որ դա միանգամից լուծվող հարց չէ, կան փուլեր:
«Այս փուլի գլխավոր երեք խնդիրները ես նշեցի, այս փուլի, տվյալ պահի դրանք են առաջինը` քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումը, և դա տեղի է ունենալու, չկարծեք, թե դա սարերի ետևում է: Երկրորդը` Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու իրավունքի վերականգնումը, որը նույնպես տեղի է ունենալու, և 3-րդը` իշխանությունը այսօր ևեթ անհապաղ պետք է հավաստիացնի մեր ազգին, հավաստիացնի մեր ժոողվրդին` դա կլինի Սերժ Սարգսյանի` դատախազությանը իջեցված ցուցումի ձևով, թե դատախազության պաշտոնական հայտարարությամբ, որ պետությունն արտահայտելու է մարտի մեկի բոլոր սպանությունները և դրա բոլոր մեղավորները կանգնելու են արդարադատության առջև: Սրանք են պայքարի այս փուլի մեր գերագույն խնդիրները», – ասել է ՀՀ առաջին նախագահը: