ՀԱԿ-ը շատ ավելի իրատեսական պահանջներ կարող էր ներկայացնել, որոնք բխում են հենց ժողովրդի այսօրվա պահանջներից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` խոսելով ընդդիմության կողմից մարտի 1-ի հանրահավաքին առաջ քաշած 15 պահանջների մասին:
«Թվում է, թե Հայաստանում իշխանությունը կազմավորվել է, որպեսզի ընդդիմությունը հանձնարարականներ տա: Իշխանությունն իր գործն է կատարում, ընդդիմությունն էլ իր գործն է կատարում: Էդպես չի կարելի մեծ տարանջատումներ մտցնել»,- ասել է Սահակյանը:
Լրագրողների այն հարցին, թե արդյոք ՀԱԿ-ի այսօրվա հանրահավաքից առաջ դեպի Երևան եկող փակ ճանապարհները կապված են այն փաստի հետ, որ իշխանությունները վախենում են սոցիալական բունտից` Սահակյանը պատասխանել է.
«Ես չեմ ուզում դա մեկնաբանել, որովհետև այսօրվանից ասում են` ընտրություններն էլ են կեղծվելու կամ ընտրությունների նախորդ օրն ընդդիմությունը կարող է ասել, որ «մենք արդեն հաղթել ենք, մեծամասնություն ենք վերցրել»: Սա ընդդիմության տվայտանքներն են: Եվ ես չեմ կարծում, որ արգելքներ են դնում իշխանությունները, որպեսզի այդ հանրահավաքը մեծաքանակ չլինի: 10 000 գալու են` ասելու են 50 000 մասնակից: Էլ իշխանությունները ինչո՞ւ պիտի ձգտեն արգելել: Ամբողջ ռուսական զորքը կանգնած էր Ազատության հրապարակի չորս բոլորը և ամբողջ ճանապարհները փակված էին, բայց 30-40-50 հազարանոց միտինգներ էին տեղի ունենում (նկատի ունի 1988 թվականը): Նման բան չի կարող լինել. ինչ տարբերություն 50000 կհավաքվեն, թե 10000, միևնույնն է ընդդիմությունն ասում է 100 000-անոց միտինգ: Իհարկե, փակ չեն ճանապարհները , ինչո՞ւ պետք է փակ լինեն»,- ասել է Գալուստ Սահակյանը: Նա խնդրել է լրագրողներին նշել, թե կոնկրետ որ ճանապարհներն են փակ, որին ի պատասխան լրագրողները սկսել են թվել:
«Իսկ այսօր մարդ չե՞ն սպանել: Էդ էլ կարող եք ասել` երկու հոգու էլ սպանել են, օդի մեջ ասում եք»,- ասել է Սահակյանը: