ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին և Աքսել Ֆիշերին:
«Մենք պարոն Պրեսկոտի հետ մի քանի անգամ հնարավորություն ենք ունեցել զրուցել ԵԽ շրջանակներում Հայաստանի հետ համագործակցության օգտակարության մասին և այն մասին, որ մենք, իրոք, բարձր ենք գնահատում եվրոպական կառույցների կողմից մեզ ցուցաբերվող օժանդակությունը` մեր երկրի հետագա զարգացման, ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության հաստատման գործում: Վստահ եմ, որ այս անգամ էլ օգտակար դիտողություններ, խորհուրդներ կլինեն: Պատրաստ ենք դրանք լսելու և համատեղ աշխատելու: Այդ մարտահրավերները ծառացած են մեր առջև: Մենք, իրոք, ցանկություն ունենք այդ խնդիրները լուծելու և այս ճանապարհին օժանդակությունը բարձր ենք գնահատում»,- հանդիպման ժամանակ ասել է Սերժ Սարգսյանը:
Ջոն Պրեսկոտի խոսքով` մարտի 1-ի իրադարձություններից հետո ակնհայտ են այն փոփոխությունները, որ տեղի են ունենում, որոնք իրենք տեսնում և զգում են ՀՀ նախագահի հետ իրենց հանդիպումների, զրույցների ժամանակ:
«Այս փոփոխությունները չափվում և գնահատվում են այն բանաձևի և առաջարկությունների ներքո, որ մեր կողմից արվել են այդ կապակցությամբ: Պարո´ն նախագահ, կարևորն այստեղ քաղաքական կամքն է, որ Դուք ցուցաբերել եք: Մենք արձանագրել ենք ձեր ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված այդ կամքը, փոփոխությունները, որոնք, իրոք, անհրաժեշտ են: Այդ փոփոխությունների մասին զեկուցել ենք նաև Վեհաժողովին»,- ասել է Ջոն Պրեսկոտը: