Այսօր ժամը 13:00 սկսած դադարեցվել է Եղվարդից Երևան եկող 269 համարի երթուղայինների աշխատանքը, տաքսիները դեպի Երևան ուղևորներ գրեթե չեն տեղափոխում:
Եղվարդ քաղաքի կանգառներում կանգնած բնակիչներից Epress.am-ի լրագրողը տեղեկացել է, որ նրանք հենց այդ պատճառով էլ երկար ժամանակ կանգնած են կանգառում և չեն կարողանում հասնել Երևան:
Բնակիչներն ասել են, որ 269 երթուղին և «Անի» տաքսի ծառայությունը պատկանում է Պետեկամուտների կոմիտեի ղեկավար Գագիկ Խաչատրյանին, և հենց նրա հրահանգով էլ դադարեցվել է երթուղայինների և տաքսի ծառայության աշխատանքը:
Կանգառներից մեկում կանգնած մի տիկին, դժգոհելով ստեղծված իրավիճակից, ասաց. «Ամեն միտինգից առաջ էլ էսպես են անում: Գազելները դարձրել են իրանց հոր սեփականությունը»:
Եղվարդի բնակիչ մի տղամարդ էլ նշել է, որ ինչ էլ անեն, իրենք հասնելու են Երևան և մասնակցելու են Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքին, ընդ որում, նրա խոսքով` իրենք մի քանի մեքենայով են գնալու Երևան: