20:56 Քիչ առաջ Ազատության հրապարակ ժամանեց այսօր ազատ արձակված քաղբանտարկյալ Հարություն Ուռուտյանը: Խոսելով հարթակից` նա շնորհակալություն հայտնեց հավաքվածներին` նշելով, որ իր ազատ արձակումը ժողովրդի շնորհիվ է:
Նրա խոսքով` Հայաստանում ազատ են արձակվելու բոլոր քաղբանտարկյալները, և դրա համար պետք է պայքարել, «Պայքար, պայքար մինչև վերջ»:
20:25 ՀԱԿ ներկայացուցիչների ելույթներն ընդմիջվում են երաժշտությամբ, որի հնչյունների ներքո ժողովուրդը պարում է:
20:20 Ազատության հրապարակում խոսել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
“Մենք անարյուն հեղափոխություն ենք ուզում: Այսօր Հայաստանում հնարավոր է առաջ գնալ ժողովրդի ազատ ճնշմամբ, և մենք այդ ճնշումը տանելու ենք մինչև հաղթանակ”, – հայտարարել է Լևոն Զուրաբյանը:
20:10 Արամ Մանուկյան.Դեռ ծանր գործ կա առջևում, ծանր պայքար է սպասվում. Խնդրում եմ վստահել Լևոն Տեր-Պետրոսյանին: Խնդրում եմ ենթարկվել ՀԱԿ-ի ղեկավարների խնդրանքներին և հայտարարություններին: Այժմ վայելեք Ազատության հրապարակը, քանի որ այսքան տարի չեք վայելել:
20:08 Ազատության հրապարակի հարթակից խոսեց Արամ Մանուկայնը: “Աչքներդ լույս, Ազատության հրապարակում ենք: Սա առաջին հանգրվանն է”, – ասել է Մանուկյանը:
19:58 Այս պահին Գագիկ Ջհանգիրյանը և Արամ Մանուկյանը պարում են բարձր երաժշտության ներքո:
19:25 Այս պահին Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչները տեղադրում են բարձրախոսները և համապատասխան տեխնիկական սարքերը ելույթները սկսելու համար: Մի խումբ մարդիկ հավաքվել են Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ, վակարկում են “Րաֆֆի, Րաֆֆի” և “Միացում”:
19:18 Epress.am-ի լրագրող զրուցել Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի հետ, ով Րաֆֆի Հովհաննիսյանի հետ գտնվում է Ազատության հրապարակում: Հակոբյանն ասել է, որ իրենք այժմ կորոշեն իրենց հետագա քայլերը:
19:15 Լևոն Զուրաբյանը կոչ է անում հավաքվածներին զգույշ լինել և չվնասել երեխաների համար տեղադրված կառուսելները:
19:11 Լևոն Տեր-Պետրոսյանը ձեռքով ողջունել է մարդկանց, նրանք վանկարկում են “Ազատ, անկախ Հայաստան”, “Լևոն, նախագահ”:
19:08 Լևոն Տեր-Պետրոսյանը կագնած է Ազատության հրապարակի հարթակին:
19:05 Այս պահին Ազատության հրապարակ է մտնում Լևոն Տեր-Պետրոսյանը:
19:03 Ոստիկանական շղթան բացվել է, մարդիկ մտնում են Ազատության հրապարակ:
19:00 Այս պահին Զուրաբյանն ու Աֆյանը կրկին առանձնացել են ու բանակցություններ են վարում:
18:58 Epress.am-ի լրագրողը հայտնում է, որ այս պահին բաց են թողել ևս մեկ քաղբանտարկյալի` Ռոման Մնացականյանին: Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ազատ էր արձակվել քաղբանտարկյալ Հարություն Ուռուտյանը:
18:57 Ներսիկ Նազարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրենք նպատակ չունեն հատուկ փակել Ազատության հրապարակը, պարզապես այնտեղ այս պահին խաղահրապարակ է տեղադրված: Նա նշել է, որ բանակցությունների ընթացքում պարզ կլինի ոստիկանության հետագա քայլերը:
18:56 Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ինքը զրուցել է Սաշիկ Աֆյանի հետ` պահանջ ներկայացնելով թույլ տալ լիարժեք հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում:
“Մենք կենտրոնական փողոցները փակ ենք պահելու այնքան ժամանակ մինչև չբավարարեն մեր պահանջը”, -ասել է Զուրաբյանը: Նրա փոխանցմամբ` Սաշիկ Աֆյանը դեռ պատասխան չունի:
18:50 Լրագրողների հետ զրուցում է Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը:
18:49 Լևոն Զուրաբյանը սկսեց բանակցությունները Հայաստանի փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանի հետ:
18:48 Այս պահին ընդդիմության հանրահավաքի մասնակիցները, որոնք երթով շարժվել են դեպի Ազատության հրապարակ, հասել են Մաշտոցի պողոտա և կանգնել են այնտեղ: Այս պահին Լևոն Զուրաբյանը լրագրողների ուղեկցությամբ քայլում է դեպի Հյուսիսային պողոտայի կողմից Ազատության հրապարակի մուտքը փակած ոստիկանները` նրանց հետ բանակցությունները սկսելու նպատակով:
Հիշեցնենք, որ Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքին Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք մտնում են Ազատության հրապարակ` իրենց սահմանադրական իրավունքը վերականգնելու նպատակով:
Զուրաբյանն ասել է, որ իրենց ներկայացուցիչը բանակցություններ է վարելու Ազատության հրապարակն արգելափակած ոստիկանների հետ, իսկ մինչ այդ ժողովուրդը սպասելու է Մաշտոցի պողոտայում: