ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր լրագորղների հետ հանդիպման ժամանակ, խոսելով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի մասին, ասել է, որ ինքը Հովհաննիսյանին միշտ այլ դերում էր պատկերացնում:
Սահակյանը նշել է, որ ինքը չի գնում Հովհաննսիյանին տեսակցելու, որովհետև իր այդ քայլը կարող է այլ կերպ ընկալվել և սենսացիայի առիթ դառնալ, մինչդեռ ՀՀԿ-ականը չի ցանկանում «Ժառանգության» առաջնորդի «այդ ազնիվ մղումը այլ կերպ որակվի»:
Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլի է նստել Ազատության հրապարակում մարտի 15-ից: Այս ընթացքում նրան տեսակցելու են եկել բազմաթիվ քաղաքական և հասարակական գործիչներ, մասնավորապես, Հայաստանի ժողովրդական կուսկացության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսկացության ղեկավար Արամ Սարգսյանը, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը, ԱԺ պատգամավոր, ԱԺ նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանը, «Նոր ժամանակներ» կուսկացության նախագահ Արամ Կարապետյանը, Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը, ՀՅԴ-ական պատգամավոր Լիլիթ Գալստյանը, ինչպես նաև «Ժառանգության» և Հայ Ազգային Կոնգրեսի շարքային ակտիվիստներ: