Երեկ` մարտի 16-ին, Մասիս քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել Զարուհի Պետրոսյանի սպանության մեջ մեղադրվող Յանիս Սարկիսովի դատավարությունը: Հիշեցնենք, որ Սարկիսովը հանդիսանում էր Զարուհի Պետրոսյանի ամուսինը:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան պիկետ էր կազմակերպել դատարանի դիմաց` պահանջելով արդար դատավճիռ կայացնել: Պիկետի մասնակիցները ցանկանում էին հիշեցնել բոլորին, որ վարույթի արդարությունը և թափանցիկությունը գնահատվելու է կոալիցիայի մաս կազմող ՀԿ-ների կողմից:
Համաձայն Կոալիցիայի բլոգում տեղադրված հայտարարության, առաջին նիստի ընթացքում Զարուհու քույրն ու լավագույն ընկերուհին իրենց վկայությունն են տվել: Սարկիսովի պատճառով վարույթը մի փոքր ձգձգվել է, քանի որ վերջինս պահանջել է չնկարահանել իրեն` միաժամանակ հրաժարվելով խոսելուց այդքան շատ քաղաքացիների ներկայությամբ: Դատավորը, այդուհանդերձ, չի բավարարել մեղադրյալի բողոքը և շարունակել է դատավարությունը:
Հաջորդ լսումները տեղի կունենան մարտի 28-ին: Կոալիցիան կոչ է անում բոլոր քաղաքացիներին, ակտիվիստներին և կազմակերպություններին մասնակցել դատավարության ընթացքին:
Հիշեցնենք, որ 20-ամյա Զարուհի Պետրոսյանը մահացել է ամուսնու և սկեսրոջ պարբերական դաժան ծեծի հետևանքով: Այժմ նրա անչափահաս երեխան գտնվում է մանկատանը` պետական հոգածության ներքո:
Լուսանկարները` Coalition to Stop Violence Against Women