Մատենադարանի հարթակում րոպեներ առաջ մեկնարկեց Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքը:
Հավաքվածներին առաջինը դիմեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ով առաջարկեց նրանց 1 րոպե լռությամբ հարգել Ճապոնիայի երկրաշարժի և ցունամիների հետևանքով զոհված մարդկանց, ինչպես նաև Լիբիայում Քադաֆիի բռնապետական ռեժիմի գործողությունների արդյունքում զոհվածների հիշատակը:
Մեկ րոպե լռությունից հետո Արամ Մանուկյանը նշել է, որ, չնայած իշխանությունները ամեն ինչ արել են մարդկանց մասնակցությունը խոչընդոտելու համար` ընդհուպ մինչև համայնքներում հայտարարել են ջրաչափերի ստուգման օր, որպեսզի մարդիկ տանը մնան, հանրահավաքին մեծ թվով մարդիկ են հավաքվել:
Epress.am-ի թղթակիցը Մատենադարանի հարթակից հայտնում է, որ մարդկանց հոսքի պատճառով փակ է Կորյուն-Մաշտոց խաչմերուկը, հավաքվածները հասնում են մինչև Նաիրի կինոթատրոն: