Home / Հայաստան / Համանախագահները 3,5 ժամ զրուցել են Բակո Սահակյանի հետ

Համանախագահները 3,5 ժամ զրուցել են Բակո Սահակյանի հետ

Երեկ Բակո Սահակյանն ընդունել է Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (ՌԴ) և Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա):

«Երկիր» օրաթերթը գրում է, որ շուրջ 3,5 ժամյա հանդիպումից հետո, համանախագահները պատասխանել են լրագրողների հարցերին: Ֆրանսիայի համանախագահ Բեռնար Ֆասիեն տեղեկացրել է, որ Հայաստանում, Ադրբեջանում և Ստեփանակերտում կայացած հանդիպումների ժամանակ քննարկվող ամենակարևոր հարցերից էին շփման գծի իրավիճակը և կորուստների սահմանափակման հնարավորությունները: Համանախագահները ներկայացրել են նաև Ղարաբաղում անցկացված դաշտային առաքելության վերաբերյալ իրենց զեկույցը, որի բովանդակությունը, սակայն, չցանկացան մեկնաբանել, քանի որ, իրենց հավաստմամբ, այն հաջորդ շաբաթ Վիեննայում պետք է ներկայացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների ներկայացուցիչներին: Այն հարցին, թե նախատեսվո՞ւմ  է դաշտային առաքելության նաև Ադրբեջանի կողմից ԼՂ օկուպացված տարածքներում, Բեռնար Ֆասիեն նշել է. «Մենք նկատի ունենք, թե ինչպես իրականացնել այլ առաքելություններ: Եվ այդպես էլ պատրաստվում ենք անել»: Խոսելով Սոչիում ընդունված եռակողմ հայտարարության «հնարավոր միջադեպերի հետաքննության իրականացման» մասին` Իգոր Պոպովը նշել է, որ իրադարձությունները ցույց են տալիս, որ այդ հայտարարությունը ճիշտ ժամանակին է.«Սովորաբար միջադեպերի վայրեր այցելել է մոնիտորինգի առաքելությունը, բայց ոչ միշտ է այդ առաքելությունը իր օբյեկտիվ արդյունքները տվել: Մենք և՛Բաքվում  և՛Երևանում և՛այստեղ քննարկել ենք նման տիպի հետաքննության մեխանիզմների մշակման հետ կապված հարցեր»: