Մարտի 5-ին Սոչիում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների միջև Ռուսաստանի Դաշնության նախագահի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն,
Մարտի 17-ին Երևանի ժամանակով ժամը 14.58-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի Բաշ Քարվենդ գյուղի մոտակա հատվածում ղարաբաղյան կողմը Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի Ստեփանակերտի և Երևանի գրասենյակների օժանդակությամբ ադրբեջանական կողմի ներկայացուցիչներին է հանձնել ԼՂՀ տարածքում գերի վերցված ադրբեջանական բանակի սերժանտ Անվար Հաջիևին: Այս մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը:
Միաժամանակ հայկական կողմին է հանձնվել Հայաստանի Տավուշի շրջանի Հաղարծին գյուղի բնակիչ, 1978 թվականին ծնված Արթուր Բադալյանը:
«Մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը հետևողական են գտնվել իրենց պատրաստակամության մեջ փոխանակելու Ղարաբաղյան հակամարտության հետևանքով ազատազրկված անձնաց՝ ինչպես հայտարարել էին երկու երկրների նախագահները 2010-ի հոկտեմբերին Աստրախանում և վերահաստատել էին 2011-ի մարտին Սոչիում», – այս կապակցությամբ ասել է Լորենցո Կարաֆին` Երևանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը։
«Գործելով որպես չեզոք միջնորդ և մեր հանձնագրին համաձայն, մենք աջակցել ենք վերադարձման գործողությանը՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության իշխանությունների խնդրանքով։ Նախքան գործողության իրականացումը ԿԽՄԿ-ն հավաստիացավ, որ այդ անձիք վերադառնում են իրենց հոժար կամքով»։