Մոտ ժամանակներս ԱՄՆ-ում, ինչպես նաև Կովկասում երկրաշարժեր կգրանցվեն, հինգշաբթի «Ռիա Նովոստիին» հաղորդել է Խաղաղօվկիանոսյան ինստիտուտի տարածաշրջանային երկրաբանության և տեկտոնոֆիզիկայի լաբորատորիայի ղեկավար Վալերի Աբրամովը:
Ավելի վաղ Աբրամովը պատմել էր, որ ռուսաստանյան Հեռավոր Արևելքի գիտնականները կանխատեսել էին Ճապոնիայի ավերիչ երկրաշարժերը: Այդ մասին հոդվածը հրապարկվել էր դեռևս 1997 թվականին «ՅՈՒՆԵՍԿՕ-ի պրոֆեսորական ակումբի աշխատանքները» պարբերականում և այդ մասին երկրի ղեկավարությանն էին հայտնել Վլադիվոստոկի գլխավոր հյուպատոսարանի միջոցով:
«Սեյսմիկ ակտիվություն է ակնկալվում Հյուսիսային Աֆրիկայում: ԱՄՆ-ի կենտրոնական հատվածում «ԿԱԼՈՒԳ» եռանկյունի գոյություն ունի: Եռանկյան հարավային հատվածում արդեն ողբերգություններ տեղի ունեցել են: Այժմ այնտեղ մեծ ուժգնության սեյսմիկ իրադարձություններ են սպասվում: Ես ժամկետները չեմ նշում` մարդկանց խուճապի չմատնելու համար: Մոտակա ժամանակներս սեյսմիկ առումով վտանգավոր տարածաշրջան կլինի նաև Կովկասը»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Աբրամովը չի հստակեցրել, թե Կովկասի երկրաշարժը ինչ ուժգնությամբ կլինի, սակայն հասկացնել է տվել, որ ոչ պակաս ավերիչ կարող է լինել, քան Սպիտակի երկրաշարժը, որի հետևանքով 1988 թվականին 25 հազար մարդ զոհվեց:
«Սա ոչ միայն իմ կարծիքն է, այս մասին վկայում են հեռավորարևելյան գիտնականների կողմից մշակված «Զելուս» մեթոդով իրականացված հետազոտության արդյունքները»,- պարզաբանել է Աբրամովը:
Այս մեթոդի կիրառման ժամանակ հաշվի են առնվում ոչ միայն տեկտոնական ցիկլերը, այլ նաև «մեկնարկային խթանը» արևի և լուսնի ակտիվության տեսքով, որոնք էլ հենց երկրաշարժեր են սադրում: