Այս պահին Ազատության հրապարակի բոլոր մուտքերն արգելափակված են ոստիկանների կողմից, և միայն լրագրողները համապատասխան փաստաթղթի դեպքում կարող են մուտք գործել հրապարակ: Մուտքերի մոտ կուտակվում են քաղաքացիները, որոնք, սակայն, չեն կարողանում ներս մտնել:
Epress.am-ի թղթակիցը մտել է հրապարակ և արձանագրել, որ հրապարկի ներսում նստարաններին քաղաքացիական հագուստով մարդիկ կան, որոնք, հավանաբար, հրապարակի արգելափակումից շուտ էին ներս մտել:
Հրապարակում է եղել նաև «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, ով եկել էր այցելելու այդ վայրում հացադուլ անցկացնող Րաֆֆի Հովհաննիսյանին:
Մեզ հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանն ասել է, որ ոստիկանների` Ազատության հրապարակի շրջափակումը հերթական ապօրինությունն է, մարդու իրավունքների հերթական ոտնահարում:
Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքից առաջ, որը պետք է մեկնարկի 17:00-ին, ոստիկանների կուտակումներ կան նաև դեպի Մատենադարանի բարձրունք տանող ճանապարհին` Կորյունի փողոց-Մաշտոցի պողոտա հատման կետում: