Որոշ արևմտյան երկրներ զղջում են Լիբիայի նկատմամբ ցուցաբերած իրենց վերաբերմունքի համար: Այս մասին ռուսաստանյան արաբալեզու «Ռուսիա ալ-Յաում» հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարել է Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆին:
«Նրանք ասում են, որ սխալվել են, և իմ ներողամտությունն են հայցում: Նրանք առաջարկում են մոռանալ պատժամիջոցների մասին, ինչպես նաև Լիբիայի օդային տարածքը ոչ թռիչքային հայտարարելու վերաբերյալ ծրագրերի մասին, և պատրաստ են ընդունել իրենց սխալները»,- պարզաբանել է Լիբիայի բռնապետը` չհստակեցնելով, թե հատկապես որ երկրների մասին է խոսքը գնում:
Միաժամանակ, նա հայտարարել է, որ Լիբիայում առաջացած ճգնաժամի հարցում Արևմուտքին մեղավոր չի ճանաչում, քանի որ առաջին հերթին հենց Եվրոպային է ձեռնտու Լիբիայի խաղաղությունը: «Կայունություն, անկարգությունների և իսլամիստների արմատական տրամադրությունների բացակայությունը հենց նրանց շահերից է բխում»,- հավելել է նա:
«Եթե նրանք իսկապես գան, ներողություն խնդրեն և ընդունեն թույլ տրված սխալները, այդ դեպքում հնարավոր կլինի վերականգնել բարեկամական հարաբերությունները: Մենք նրանց թույլ կտանք վերադառնալ: Սակայն ամեն դեպքում նախապատվությունը կտանք Ռուսաստանին, Չինաստանին և Հնդկաստանին»:
Խոսելով այն մասին, թե ով է կանգնած անկարգությունների հետևում` Քադաֆին հերթական անգամ մեղքը գցել է «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորման վրա: Նրա խոսքով`ահաբեկիչները «մզկիթներում ալկոհոլ և զենք էին պահում», ինչպես նաև «հրաման էին տվել վերացնել մզկիթը»:
Ավելի վաղ Քադաֆին իտալական պարբերականին հայտարարել էր, որ անձամբ միջազգային ահաբեկիչների հետ կապի մեջ կմտնի և «սրբազան պատերազմ կհայտարարի» այն դեպքում, եթե Արևմուտքը որոշի ներխուժել Լիբիա: