«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը 15.03.2011 թ.-ից հացադուլ` «ազատության ծոմ» է պահում Ազատության հրապարակում: Հացադուլի հետ կապված իրավական խնդիրներին «Առավոտ» օրաթերթում անդրադարձ է կատարել իրավաբան Կարեն Մեժլումյանը:
«Առաջին գիշերը, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկացել է ցրտից պաշտպանվել վրանում, ոստիկանության մի գնդապետ ու մի փոխգնդապետ թույլ չեն տվել: Թույլ չի տրվել անգամ վրանի բրեզենտով ծածկել երկաթյա ծակոտկեն նստարանը: Տեղեկանալով այդ մասին` այցելեցի Ազատության հրապարակ, ցանկանալով պարզել, թե ներկաներից որևէ մեկը գիտի՞, թե Երևանում որտեղ կարելի է վրան տեղադրել, իսկ որտեղ` ոչ:
Ներկաներից ոչ ոք հարցիս չէր կարողանում պատասխանել, միայն իրենց դժգոհությունն էին հայտնում ոստիկանների նման անմարդկային պահվածքի կապակցությամբ: Լինելով իրավաբան` ես էլ չկարողացա գտնել մի օրենք, որով արգելված կամ կանոնագրված են վրանների տեղադրման կարգը կամ հնարավոր վայրերը, կամ դրա նման մի բան: Իսկ այն, ինչ օրենքով արգելված չէ, թույլատրվում է, եթե դրանով այլ անձանց իրավունքները չեն խախտվում»: