Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի շուրջ ծավալվող սեքսուալ սկանդալը ոգեշնչել է լեհական սրճարանի խոհարարին պիցցայի լցոնի նոր բաղադրատոմսի ստեղծման համար, հաղորդում է Associated Press-ը:
Ինչպես գործակալությանը հայտնել է բաղադրատոմսի հեղինակը, պիցցայի լցոնի բաղադրության մեջ են մտնում թուզ, փշատ, անչոուս, իտալական պրոշուտո խոզապուխտ, սխտոր, սպանախ, մոցառելլա, պանիր և սև պղպեղի մեծ քանակություն: Խոհարար Վալտեր Բուսալակին պարզաբանել է, որ բաղադրիչների ընտրությունը պայմանավորված է իտալացի քաղաքական գործչի սեքսուալ կյանքի բազմազանությամբ:
«Այս պիցցան, կարծես, այն երեկույթները լինի, որ կազմակերպում էր Բերլուսկոնին: Դրանում կարելի է գտնել այդ երեկույթների բոլոր կողմերը: Անչոուսները և սխտորը ներկայացնում են համային կողմը, սպանախն ու մոցառելլան հիշեցնում են նրբությունը, իսկ խոզապուխտը և փշատը ապահովում են քաղցրությունը: Եվ այս ամենը համեմված է կծու պղպեղով»,- խոհարարի խոսքերն է փոխանցում գործակալությունը:
Խոհարարը, ով աշխատում է Վարշավայի սրճարանում, հաղորդել է, որ պիցցան ճաշացուցակի մեջ է մտցրել մի քանի շաբաթ առաջ: Նրա խոսքով` այն մեծ հետաքրքրություն է առաջացրել հաստատության այցելուների շրջանում: