Իշխանության քայլերը երբեք պայմանավորված չեն եղել և պայմանավորված չեն այս կամ այն ուժի առաջադրած պայմաններով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Ոչ եվրոպացի մեր գործընկերների և ոչ էլ ընդդիմադիր ուժերի ճնշումների պատճառով է, որ իշխանությունները գնում են բարեփոխումների: Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ երկրին անհրաժեշտ են բարեփոխումներ: Բարեփոխումները պայմանավորված են մեր քաղաքական օրակարգով: Ծանոթացեք մեր ծրագրին, կարդացեք Սերժ Սարգսյանի` վերջին երեք ելույթները և կհամոզվեք, որ մենք գնում ենք բարեփոխումների ճանապարհով: Մենք գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում չպետք է լինեն յուրայիններ և ոչ յուրայիններ: Հիմա հասել ենք մի վիճակի, երբ չկան յուրայիններ», – ասել է Շարմազանովը:
Նրա խոսքով` այսօր ընդդիմությունը գնում է կոռեկտ պայքարի ուղով:
«Մեր երկրում կան իշխանություններ և կա ընդդիմություն: Դա շատ նորմալ է», – կարծում է ՀՀԿ-ական գործիչը:
Ինչ վերաբերում է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա ելույթին, ապա Շարմազանովն այն հիմնականում կոռեկտ է որակել` որոշ բացառություններով:
Ըստ Շարմազանովի` իշխանությունները միշտ բաց են եղել երկխոսության համար:
«Էդ ե՞րբ ենք փակ եղել որ: Ես միշտ էլ հանդիպել եմ Մուսինյանի (Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ – խմբ.), Վլադիմիր Կարապետյանի (ՀԱԿ-ի արտաքին կապերի պատասխանատու – խմբ.) հետ: Տարբեր միջավայրերում հանդիպումներ ենք ունեցել: Ի՞նչ է` ասուլիսները և այլ կարգի բանավեճերը երկխոսության ձև չե՞ն: Ոչ պաշտոնապես երկխոսություն եղել է: Երկխոսությունը պոզով-պոչով չի լինում», – եզրափակել է Շարմազանովը: