ՀՀ հատուկ քննչական ծառայությունը երեկ պաշտոնապես հաստատել է, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի գտնվելու վայրի մասին տվյալ չունեն, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
ՀՔԾ-ն հաստատել է, որ իր վարույթում քննվում է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 308 հոդվածի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը») 1-ին մասի հատկանիշներով, որի շրջանակներում դեռևս օրեր առաջ Հովհաննես Թամամյանը, ոստիկանության Արաբկիրի բաժնի նախկին պետ Վարազդատ Ադամյանը և «Իրավապահ մարմինների այլ պաշտոնատար անձինք հարցաքննվել են որպես վկա»: Օրաթերթի տեղեկություններով, նշված քրեական գործում կարևոր դերակատարություն ունեցող անձանցից մեկը ոստիկանության Երևանի վարչության պետ Ներսես Նազարյանն է, որը ոչ միայն ի պաշտոնե տեղյակ է եղել, թե Թամամյանը ինչով է զբաղված, այլև օգնել է նրան:
Թեմային անդրադարձել է նաև «Հրապարակ» օրաթերթը: Երեկ օրաթերթին հաջողվել է կապվել Հովհաննես Թամամյանի հետ, որը մի քանի օր Հայաստանից բացակայելուց հետո վերադարձել է և արդեն 2 օր է` Երևանում է: «Հրապարակի» հետ զրույցում նա զարմացած է եղել վերջին օրերի մամուլի հրապարակումներից, որոնք միաբերան պնդում էին, թե «Թամամյանը փախել է»: Թամամյանի խոսքով` երեկ նա եղել է իր հայրական տանը, որտեղ հիմա տարեց մայրն է ապրում: Ապա այցելել է հոր գերեզմանին, ում մահից դեռ 18 օր է անցել: