Լիբիայի ԱԳ նախարար Մուսա Կուսան հայտարարել է, որ, համաձայն նախօրեին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից ընդունված թիվ 1973 բանաձևի, երկիրն անմիջապես դադարեցնում է ռազմական գործողությունները: Նախարարի ելույթը հեռարձակել է «Ալ Ջազիրան»: Նրա խոսքով` լիբիական կառավարությունը բոլոր ջանքերը կգործադրի երկրում խաղաղության, կարգապահության և օրենքի գերակայության հաստատման համար:
Նա նաև ափսոսանք է հայտնել առ այն, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը փակել է Լիբիայի օդային տարածքը: Կուսան նշել է, որ սա բացասական հետևանքներ կունենա Լիբիայի ժողովրդի համար:
Նախարարը կառավարական զորքերի նկատմամբ ուժ գործադրելու միջազգային հանրության որոշումը «չմտածված» քայլ է համարել և հայտարարել է, որ Լիբիայի իշխանությունները պատրաստ են երկխոսության մեջ մտնել ցանկացած ուժի հետ, որը շահագրգռված է երկրի ինքնորոշման և տարածքային ամբողջականության պահպանման մեջ:
Իր ելույթի վերջում Կուսան կոչ է արել միջազգային հանրությանը հատուկ հանձնաժողով ուղարկել Լիբիա, որը անմիջապես տեղում կարող է պարզել հանգամանքները և համապատասխան որոշումներ ընդունել: