Home / Հայաստան / Արզումանյանը ոստիկանության պահվածքը կապում է համազեկուցողների այցի հետ

Արզումանյանը ոստիկանության պահվածքը կապում է համազեկուցողների այցի հետ

Ժողովրդի տպավորությունն այն էր, որ նվաճվեց Ազատության հրապարակը, և շատ խորհրդանշական ակցիա էր, որ Ազատության հրապարակում ընդդիմությունը անցակացրեց հանարահավաք: Այսօր լրագորղների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է ՀԱԿ անդամ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը:

Լրագրողների այն հարցին, թե արդյոք կար պայմանավորվածություն, որ ոստիկանները առանց միջադեպի թույլատրեն ընդդիմությանը մտնել Ազատության հրապարակ` Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց.

«Լավ է, որ դուք էլ եք զարմացած, մեր ոստիկանությունը, որ, իրեն շատ լկտի է պահել մշտապես և հայտնի է իր լկտիությամբ, հայտնի է իր լկտի հրամանատարներով, որոնք կանանց են հայհոյում, խփում, թքում նրանց վրա` նույնիսկ չամաչելով իրենց գեներալի համազգեստից, այդ նույն ոստիկանները շատ սիրալիր էին երեկ և վերջին հանրահավաքների համեմատությամբ: Այո, տարօրինակ է, բայց նաև ողջունելի, գուցե, իշխանությունը գիտակցում է, որ չի կարելի»:

Արզումանյանը  նաև չբացառեց, որ դա կարող է Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի և Աքսել Ֆիշերի այցով էր պայմանավորված:

«Եթե պրեսկոտները գան գրանցվեն Երևանում, ոստիկանները անտեսանելի կլինեն», – ասել է ՀՀ նախկին արտգործնախարարը:

Երեկ երկու քաղբանտարկյալների` Հարություն Ուռուտյանի և Ռոման Մնացականյանի ազատ արձակումը Արզումանյանը նույնպես կապել է համազեկուցողների այցի հետ:

Ասուլիսին ներկա էր նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը, ով գոհունակություն հայտնեց այն փաստի կապակցությամբ, որ երեկ  ոստիկանությունը տեսանելի չէր:

«Սա լավագույն հանրահավաքն էր, որ զերծ է մնացել ոստիկանության կոշտ միջամտությունից: Եվ այն անցկացվեց սահմանված օրենքի շրջանակներում, որը չի սահմանափակում ազատ խոսքը», – նշել է Դավթյանը:

Պատգամավորն ասել է, որ ինքը համամիտ է Սերժ Սարգսյանի այն խոսքի հետ, որ երկու կողմերում էլ` ընդդիմություն և իշխանություն, կան մարդիկ, ովքեր մեծ փորձառություն ունեն քաղաքական դաշտում և հասկանում են սահմանները իմաստավորելու կարևորությունը: