Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում ապրող ընտանիքը ստիպված էր եղել երեք անգամ շտապօգնություն կանչել: Առաջին անգամ շտապօգնությունը ժամանեց երեկոյան, երկրորդ գիշերը բժիշկները հարկ չհամարեցին փոքրիկ Անյային հիվանդանոց տեղափոխել, իսկ երբ առավոտյան ժամանել էր շտապօգնությունը, աղջիկը շատ ծանր վիճակում էր:
«Ամեն ինչ սկսվեց սովորական մրսածությունից` կարմրած կոկորդ և ջերմություն:
Անյային առաջինը զննած բժիշկը անգինա ախտորոշեց: Ես նրանց ասում եմ նայեք, նրա աչքերը կարմրել են, մատները սկսել են կապտել, նա պատասխանում է, որ դա նորմալ երևույթ է անգինայի դեպքում»,- պատմել է Անի Վիրաբյանի մայրը` Կիմա Վիրաբյանը:
«Բժիշկը տեղեկացել է, թե ինչ դեղորայք են տալիս աղջկան, խորհուրդ է տվել շարունակել բուժումն ու հեռացել է: Գիշերը ժամը երեքին, երբ նա արդեն չէր կարողանում անգամ խոսել, կրկին ժամանեցին բժիշկներն ու կրկին նույնն ասացին, որ ոչնչից պատմություն ենք սարքում»,- պատմել է մահացած աղջկա մայրը:
Առավոտյան աղջկա վիճակը ավելի է վատթարացել, և այլ տարբերակ չի մնացել, քան նրան վերակենդանացման բաժին տեղափոխելը: Մի քանի ժամ անց նա մահացել է:
Բժշկական եզրակացությունը հետևյալն էր` թոքերի և գանգուղեղի բորբոքում:
Նովոսիբիրսկի շրջանի հետաքնչական կոմիտեի վարչության ներկայացուցիչ Մարինա Կինժալովան հայտնել է, որ մահվան առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Աղջկա մահվան մեջ կասկածվում է երկու բժիշկ:
Մինչ հետաքննության ավարտը շտապօգնության աշխատակիցները հրաժարվել են մեկնաբանել բժիշկների գործողությունները: Իսկ մայրը ստիպված է եղել հոգեբանական փորձաքննություն անցնել` սեփական խոսքերի իսկությունն ապացուցելու համար: Նրա խոսքով` գործին կցված փաստաթղթերի մեջ տեղեկություններ կան այն մասին, որ իբր աղջիկն ապրել է ոչ բարենպաստ պայմաններում:
Թիվ 138 դպրոցի տարրական դասարանների ուսուցչուհի Լյուբով Սախարովան հայտնել է հետևյալը, «Ասել, որ ընտանիքը անբարենպաստ պայմաններում էր ապրում, թերևս չեմ կարող: Մեզ մոտ բացարձակ այլ կարծիք էր ձևավորվել: Թե մոր, թե տատիկի կողմից այնպիսի հոգածություն կար նրա նկատմամբ, և թեև ընտանիքը լիարժեք չէր, այդուհանդերձ, երեխան շրջապատված էր ուշադրությամբ և սիրով»:
Մայրը աղջկան հողին է հանձնել Հայաստանում` իր հոր գերեզմանի կողքին: Հայրը մահացել է 1988 թվականի երկրաշարժի հետևանքով: