Այսօր 11:00-ին ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկեց ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնուս Աժուբալիսի և Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի համատեղ մամուլի ասուլիսը: Դեռևս ասուլիսի մեկնարկից առաջ ՀՀ արտգործնախարարության շենքի առջև հայ երիտասարդները իրենց պահանջներն էին ներկայացնում Լիտվայի արտգործնախարարին:
Նախաձեռնության ներկայացուցիչներից մեկը` Արմեն Գրիգորյանը, Epress.am-ի հետ զրույցում հիշեցրել է ԵԱՀԿ գործող նախագահ, Աժուբալիսի հայտարարությունն այն մասին, որ տարածաշրջանում և Արցախում նոր սերունդ է հասունացել և այդ սերնդին պետք է հասկանալ: «Հիմք համարելով այս հայտարարությունը` նման նախաձեռնությամբ հանդես եկանք, նամակով դիմեցինք նրան, որպեսզի երկխոսություն սկսենք», – ասել է Գրիգորյանը:
Նախաձեռնությանը միացել են շուրջ տասը արցախյան հասարակական կազմակերպություններ: Երևանում ԵԱՀԿ գրասենյակին և Լիտվայի դեսպանատանը նամակ է հանձնվել, ինչպես նաև` ուղարկվել Լիտվայի արտգործնախարարի տեղակալներին:
Արմեն Գրիգորյանը զրուցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ և տեղեկացրել խնդրի մասին:
Հայաստանի և Լիտվայի դրոշների ֆոնին տեղադրված էին հետևյալ գրություններով պաստառները` «We Demand to Recognize Self-Determination of NKR» (Մենք պահանջում ենք ճանաչել ԼՂՀ-ի ինքնորոշումը), The Youth of NKR Calls OSCE for Dialogue (ԼՂՀ երիտասարդությունը կոչ է անում ԵԱՀԿ-ին երկխոսություն սկսել), The Youth of NKR – No: Madrid Principles» (ԼՂՀ երիտասարդություն, Ոչ մադրիդյան սկզբունքներին):