Ռուսաստանը կարևորում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը, սակայն մտադիր չէ միջամտել դրանց զարգացմանը, Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
«Կարծում ենք, որ հայ-թուրքական մերձեցումը նախևառաջ երկկողմանի հարաբերությունների խնդիր է, և Ռուսաստանը մտադիր չէ միջամտել այդ գործընթացին»,- հայտարարել է նա:
Լուկաշևիչի խոսքով` Ռուսաստանն ի սկզբանե սատարել է Երևանի և Անկարայի մերձեցման գործընթացը, որը կարող է նպաստել Կովկասում վստահության մթնոլորտի ամրապնդմանը: «Մենք բոլոր առումներով ցանկանում ենք, որ այս գործընթացը դրական արդյունքներ տա և երկկողմանի հարաբերությունների, և համագործակցության ոգու ամրապնդման, և Անդրկովկասի տարածաշրջանում համագործակցության, և փոխազդեցության մեխանիզմների ստեղծման տեսանկյունից»,- ԱԳՆ ներկայացուցչի խոսքերն է փոխանցում «ՌԻԱ Նովոստին»: