Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական լուծման համար Ադրբեջանը ռազմական բավարար ռեսուրսներ չունի, «Новости-Азербайджана» գործակալության հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Грузинформ» լրատվական-վերլուծական գործակալության գլխավոր խմբագիր Առնո Խիդիրբեգիշվիլին:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` Հեյդար Ալիևի որդին, հեռատես դիվանագետ է: Նա հասկանում է, որ Հայաստանի հետ նոր պատերազմը լի է աղետալի հետևանքներով ոչ միայն Ադրբեջանի համար, այլ նաև իր ընտանիքի: Սակայն Բաքվում իսկապես կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որը նա ի վիճակի չի լինի վերահսկել:
Եվ չպետք է մոռանալ, որ Հայաստանը այս քսան տարիների ընթացքում նույնպես «ձեռքերը ծալած» չի նստել, և նույնպես համալրել է իր մարտունակ բանակի շարքերը, հատկապես ղարաբաղյան բանակի ռազմական պատրաստականությունը դժվար թե հերքի անգամ Բաքուն: Պետք չէ մոռանալ նաև հայկական սփյուռքից եկող օգնության, 5 կամ 6 կամավորների ջոկատների մասին, ովքեր պատերազմի վերսկսման դեպքում կարող են երկիր վերադառնալ ԱՄՆ-ից և Սերբիայից: Իհարկե, չունենալով առավելություն օդային ուժերում, պատերազմը հնարավոր չէ հաղթել, իսկ Ադրբեջանը ռմբակոծիչներ և կործանիչ ունի, այսինքն`գերակայություն օդային ուժերում:
Բայց Հայաստանը, օդում համաչափորեն պատասխան տալու հնարավորություն չունենալով, մաքսիմալ կերպով հզորացրել է իր հակաօդային պաշտպանությունը: Պետք չէ մոռանալ նաև լեռնային լանդշաֆտի հանգամանքի մասին: Դաշտային հատվածներում նոր ձեռքբերված տեխնիկան առաջ կշարժվի, բայց հենց որ սկսվեն լեռները, ադրբեջանական բանակը խնդիրների առջև կկանգնի: Արդյունքում` հարկադրական «գորգային» ռմբակոծություն, դագաղներ երկու կողմերում էլ, ոչ հաղթանակ, ոչ պարտություն: Եվ «բաժանողներից» ոչ ոք չի ներխուժի, ոչ Ռուսաստանը, ոչ էլ, առավել ևս` ԱՄՆ-ն, որոնք Իրաքից և Աֆղանստանից հետո խուսափում են անգամ Լիբիա մտնել»,-եզրափակել է փորձագետը: