Home / Հայաստան / Լիբիայի իշխանությունները Բենղազիի ռմբակոծման մեջ են մեղադրել ընդդիմադիրներին

Լիբիայի իշխանությունները Բենղազիի ռմբակոծման մեջ են մեղադրել ընդդիմադիրներին

Լիբիայի կառավարությունը պնդում է, որ Բենղազիում այսօր վերսկսված զինված հակամարտության պատճառը ընդդիմադիր ուժերի ագրեսիվ գործողություններն էին, հաղորդում է AFP գործակալությունը:

Իշխանությունների հաղորդմամբ` ընդդիմադիրների հրոսակախմբեր հարձակվել են կառավարության ուժերի վրա և ավիահարված են իրականացրել: Նշվում է նաև, որ Քադաֆիի զորքերը «ստիպված են եղել դիմադրություն ցույց տալ` անվտանգության նկատառումներից ելնելով»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ականատեսները հայտնում էին, որ Բենղազի քաղաքի հարավ-արևելյան հատվածի վրա ավիահարված է հասցվել:

Ավիահարվածները երկուսն էին: Առաջինը գրանցվել է տեղի ժամանակով առավոտյան ժամը 7:20-ին, երկրորդը` 20 րոպե անց: Թե ում են պատկանում ինքնաթիռները, չէր հստակեցվում:

Ռմբակոծմանը հետևել են հրթիռային հարվածներ, ենթադրաբար, «Կատյուշա» զինատեսակից:

Sky News հեռուստաալիքի հաղորդմամբ` ընդդիմադիր ուժերը վերացրել էին ինքնաթիռներից մեկը: