Մարտի 17-ին Հյուսիսային պողոտայում «Հրապարակ» օրաթերթի թղթակիցը Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանին հարցրել է, թե ինչպե՞ս է գնահատում ՀՀ ոստիկանապետ դառնալու իր շանսերը, քանի որ վերջերս տեղեկություն եղավ, թե վարչական շրջանների ղեկավարներին ասել էր, որ իրեն դիմեն «պարոն ոստիկանապետով»:
««Էստեղ կանգնած բոլորս էլ ոստիկանապետ ենք»,- իր շուրջ եղած տարածքային ոստիկանապետերին նկատի ունենալով` ասել է Ներսես Նազարյանը` շարունակելով. «Ես Երևան քաղաքի ոստիկանապետն եմ: Նա Արաբկիրի ոստիկանության պետն է: Ալիկ Սարգսյանը ՀՀ ոստիկանապետն է: Նախ` ես նման բան չեմ ասել, իմ լեքսիկոնի մեջ չի մտնում` «ինձ ասեք ոստիկանապետ»: Չկա տենց բան»: Հարցին, թե այդ դեպքում ձեզ ո՞նց են դիմում, Նազարյանը հայտարարել է. «Պարոն Նազարյան, Ներսես Հենրիկի: Ես առաջին անգամ եմ լսում, որ մեկը գա, ինձ դիմի` ոստիկանապետ: Էսքան ժամանակ դեպք չի եղել»: Մեր թղթակիցը հետաքրքրվել է նաև, թե ի վերջո Նազարյանը չի՞ ուզում ՀՀ ոստիկանապետ դառնալ: «Դա ես չեմ որոշում: Ես հիմա Երևանի ոստիկանապետն եմ: Ինձ շատ ա դուր գալիս իմ աշխատանքը: Ես շատ բան ունեմ էստեղ անելու», – հայտարարել է Նազարյանը: