Home / Հայաստան / Հայաստանյան խաղից առաջ Ռուսաստանը հոգեբանական խնդիրներ ունի. կարծիք

Հայաստանյան խաղից առաջ Ռուսաստանը հոգեբանական խնդիրներ ունի. կարծիք

Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը հոգեբանական բնույթի խնդիրներ ունի Եվրո-2012 -ի ընտրական փուլում Հայաստանի հետ հանդիպումից առաջ: Նման կարծիք է հայտնել ԽՍՀՄ հավաքականի լեգենդար հարձակվող, հայտնի մարզիչ Անատոլի Բիշովեցը «Ռիա-Նովոստիի» և «Նովոստի-Արմենիայի» կողմից կազմակերպված Երևան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ:

Բիշովեցի խոսքով` երևանյան հանդիպումից առաջ հանրության և լրագրողների արձագանքի պատճառով ռուսաստանցիների մոտ ձևավորված բացասական ֆոնը պայմանավորված է վերջին երկու ընկերական հանդիպումներում կրած պարտություններով: Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականը ընկերական հանդիպումներում զիջեց Բելգիային և Իրանին:

Ռուսաստանի համար որպես դրական գործոն նա նշել է այն հանգամանքը, որ թիմը հիմնված է երկու առաջատար ակումբների` «Զենիթի» և «ԲԿՄԱ»-ի ֆուտբոլիստների վրա, որոնք արդեն  հասցրել են Եվրոպայի Լիգայում խաղալ: «Մենք կարող ենք ասել, որ խաղային փորձն ու խաղային տոնուսը կարող են թիմի հաղթանակի հնարավորությունը մոտեցնել օպտիմալի մակարդակի»,- պարզաբանել է լեգենդար ֆուտբոլիստը:

«Ինչ վերաբերում է թիմերի ուժերի հարաբերակցությունը, ինձ թվում է, որ փորձի և  հնարավորությունների առումով ներկայումս մեր թիմն ավելի բարձր մակարդակի վրա է, արտասահմանում հանդես եկող մեր խաղացողներն էլ բավական լավ մարզավիճակում են: Կարծում եմ, որ մեր հավաքականի շանսերը ընդհանուր առմամբ կարելի է բավական դրական գնահատել:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ինձ բախտ է վիճակվել աշխատել խաղացողներից երկուսի հետ, և ես գտնում եմ, որ նրանցից մեկին կարելի է անվանել հայկական Լև Յաշին, դա Բերեզովսկին է: Ես նրա հետ զրուցել եմ Թուրքիայում, և Հայաստանի հավաքականի մասին թերևս ավելին եմ իմացել, քան գրում են լրատվական միջոցները: Ես կարդացել եմ Մինասյանի (Վարդան Մինասյան`Հայաստանի հավաքական մարզիչ –խմբ.) հարցազրույցը և ինձ մոտ հավաքականի մասին շատ լավ տպավորություն է ստեղծվել:

Ես կարծում եմ, որ որոշակի փոխակերպում կա և աստիճանաբար սերնդափոխություն է տեղի ունեցել: Այսօրվա Հայաստանի հավաքականը երիտասարդության և փորձի միախառնում է, և այստեղ պետք է ևս մեկ մարդու մասին խոսել, որին ես համակրանքով եմ վերաբերվում և որի հետ մենք աշխատել ենք «Զենիթում»: Խոսքը գնում է Սարգիս Հովսեփյանի մասին: Ես կարծում եմ, որ այս երկու աձնավորությունները թիմ են բերել բոլոր ավանդույթները, որոնք անցյալում կային, բոլոր դրական ավանդույթները. որովհետև նրանց մարդկային որակները լավ մթնոլորտ են ստեղծում թիմում:

Այս հանգամանքը նաև Ռոմա Բերեզովսկին նշեց: Նա ասաց, որ թիմում մթնոլորտը դրական է, և մարզիչին հաջողվել է ստեղծել հենց աշխատանքային մթնոլորտ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ երիտասարդներ են հայտնվել թիմում: Այստեղ պետք է խոսել Մխիթարյանի, Մովսեսյանի, Պաչաջյանի, Մանուչարյանի մասին, խաղացողների, որոնք տպավորություն են թողել ինձ վրա:

Պետք է ասել, որ, հիշելով սեփական ֆուտբոլային անցյալը, կարող եմ ասել, որ ժամանելով Հայաստան, անկախ այն հանգամանքից թե որ տեղում էր «Արարատը», մենք հասկանում էինք, որ մեզ ծանր աշխատանք է սպասվում: Այնտեղ թիմերը միշտ ստեղծագործ էին, տեխնիկապես ուժեղ, սակայն ինձ թվում է`հիմա շատ լավ դիմադրություն է ստեղծվել, ստեղծվել է բնավորություն:

Կարծում եմ, որ Հայաստանի թիմը կարող է տարբեր մարտավարությամբ գործել: Խաղալ երկու հարձակվողներով կամ 4-3-3: Մեր թիմի կանխատեսելիության պայմաններում Մինասյանը հնարավորություն ունի տարբեր տակտիկական մոտեցումներ ցուցաբերել»,- նշել է Բիշովեցը: