Յեմենի բանակի զրահապատ մեքենաները երկուշաբթի դուրս են բերվել մայրաքաղաքի փողոցներ: Զրահապատ մեքենաները տեղակայված են, մասնավորապես, երկրի մայրաքաղաք Սանայում գտնվող նախագահական պալատի մոտ: Այս ամենը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նախագահի խորթ եղբայրն ու օգնականը` գեներալ Ալի Մոհսեն Սալեհ ալ-Ահմարը, հայտարարել է ընդդիմաությանը միանալու իր որոշման մասին:
Ալ-Ահմարը առաջնորդում է հյուսիսային շրջանի զորքերը, ինչպես նաև զբաղեցնում է 1-ին զրահատանկային դիվիզիայի հրամանատարի պաշտոնը: Հենց այս դիվիզիայի զրահամեքենաներն են շրջափակել նախագահական պալատը:
«Մենք բացահայտ կերպով ասում ենք, որ սատարում և պաշտպանում ենք Սանայի հրապարակում ցույցի դուրս եկած երիտասարդությանը»,- իր հայտարարության մեջ նշել է գեներալը: Գեներալ Մոհսենի հետ միասին ընդդիմության կողմն են անցել ևս երկու գեներալներ, հաղորդում է «Ալ Ջազիրան»:
Միաժամանակ, հրաժարական է տվել նաև ՄԱԿ-ում Յեմենի լիազոր ներկայացուցիչ Աբդալ աս-Սայդին և Սիրիայում Յեմենի դեսպան Աբդել-Վահհաբ Թավամը: Ավելի վաղ նույն քայլին են գնացել մարդու իրավունքների հարցով նախարար Խուդա ալ-Բաանը և տուրիզմի նախարար Նաբիլ ալ-Ֆակիհը:
Հրաժարականները պայմանավորված են երկրում չդադարող բողոքի ակցիաներով: Հազարավոր մարդիկ պահանջում են Սալեհի անհապաղ հրաժարականը, ով զբաղեցնում է նախագահի պաշտոնի 32 տարի: Երկրում իրավիճակր սրվել է համալսարանական հրապարակում տեղի ունեցած ուրբաթօրյա գնդակահարություններից հետո: Մահացել է 52 մարդ, որոնց գերակշիռ մասը ուսանողներ են: