Սիրիայի անվտանգության ուժերը արգելափակել են մայրաքաղաք Դամասկոսից 160 կմ հարավ գտնվող Դերա քաղաքը, որտեղ արդեն 3-րդ օրն է չեն դադարում անկարգությունները:
Ցուցարարները կիրակի հրկիզել են իշխող Արաբական սոցիալիստական վերածննդի կուսակցության շտաբը, արդարադատության պալատը և մի քանի ոստիկանական վարչություններ:
Ջարդուփշուր են արվել «Սիրիաթել» հեռահաղորդակցման ընկերության երկու գրասենյակները, որի սեփականատերը խոշոր գործարար Ռամի Մահլյուֆն է` նախագահի հորեղբորորդին:
«ՍԱՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ` իշխանությունների կողմից ձեռնարկվել են բոլոր միջոցառումները Սիրիայի հարավային նահանգի վարչական կենտրոնում խաղաղության հաստատման համար:
Քաղաքի պաշտոնատար անձինք հանդիպել են իշխանության պատվիրակության հետ, որը ժամանել է Դամասկոսից իրավիճակի հետազոտման համար:
Ցույցերի դուրս եկած ժողովուրդը պահանջների փաթեթ է ներկայացրել, որն ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական բնույթ է կրում:
Ինչպես հաղորդում է «Ալ Ջազիրան», «դժգոհության հրաբուխը ժայթքել է քաղաքի հնամյա հատվածում, որը վերահսկում են զանգվածային ցույցերի մասնակիցները»: Այնտեղ վախենում են մուտք գործել անգամ իրավապահները:
Քաղաքում տեղակայված ալ-Օմարի մզկիթը վերածվել է դաշտային հիվանդանոցի, որտեղ տեղափոխվում են արցունքաբեր գազի արդյունքում վնասվածք ստացած ցուցարարները:
Իրավապաշտպանների տվյալների համաձայն, կիրակի տեղի ունեցած բախումների ընթացքում մահացել են 3 քաղաքացի, այդ թվում` մեկ անչափահաս, ևս 100 ցուցարարներ վիրավորվել են: Ավելի վաղ ազատ էին արձակվել ձերբակալված մի քանի ուսանողներ:
Դերան գտնվում է Հորդանանի սահմանի մոտ, որտեղ երկրորդ ամիսն է` չեն դադարում «Ցասման օրերը»: Այս քաղաքում տեղի ունեցած ցույցերը ամենալուրջ մարտահրավերն են նախագահ Բաշար Ասադի ղեկավարությանը: Բաշար Ասադն զբաղեցնում է նախագահի աթոռը 2000 թվականից ի վեր:
Ռեժիմի հակառակորդները նկատելիորեն ակտիվացել են Facebook սոցիալական կայքում: Հակակառավարական ցույցերի հեղինակները պահանջում են արագացնել բարեփոխումների իրականացման գործընթացը և վերացնել 1963 թվականից ի վեր Սիրիայում գործող արտակարգ իրավիճակի մասին օրենքները: