«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին արձագանքը` հիվանդագին ծաղրանքի ենթարկելը թե արմատական ընդդիմության մամուլի, և թե իշխանական ներկայացուցիչների նույն բառապաշարով, գալիս է նույն կաբինետից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի ռամկավար-ազատական կուսակցության (ՀՌԱԿ) ատենապետ Էդվարդ Անտինյանը:
«Անկախ նրանից ես կիսում եմ Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական հայացքները, թե ոչ, ես գնացել եմ, իմ աջակցությունն եմ հայտնել նրան և ստորագրել եմ համապատասխան մատյանում»,- ասել է ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանը:
Նա կարծիք է հայտնել, որ «Ժառանգության» առաջնորդի քաղաքական քայլը անարձագանք չի մնա:
«Ժողովուրդը կընտրի այլ մարդ, եթե տեսնի, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ցանկությունները չի բավարարում. հատկապես այն մարդիկ, ովքեր ինքնամոռաց սիրում են Լևոն Տեր-Պետրոսյանին, հենց նրանք էլ ամենադաժան ձևով կատեն: Նրա կողմնակիցներից շատ շատերը ասում են` մի հատ հարմար մարդ գտնենք, իրանից նեղանանք, իմանանք ուր ենք գնում»,- կարծիք է հայտնել Անտինյանը:
Ըստ ՀՌԱԿ ատենապետի` Լևոն Տեր-Պետրոսյանը չի կարողանում կատարել իր ֆունկցիան` ապահովել միակ ընդդիմություն Հայաստանում:
Մյուս բանախոսը` «Ազգային Ժողովրդավարական Դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը, ասել է, որ այն գործընթացը, որը ծավալել է Րաֆֆի Հովհաննիսիյանը, այնքան էլ հեռանկարային չէ:
«Ես գնացի, տեսա նրան, զրուցեցինք, շատ բաներ, անկեղծ ասած, չհասկացա, փորձեցի համոզել նույնիսկ, որ իմաստ չունի, չի ստացվի, բայց որոշումն իրենն է»,- ասել է Սադոյանը:
Նա ցավով է ընդունել այն փաստը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի մոտեցել Րաֆֆի Հովհաննիսյանին.
«Նրանք, օգտագործելով առիթը, գնացին Ազատության հրապարակ, բայց Լևոն Տեր-Պետրոսյանը չցանկացավ անգամ մոտենալ նրան»,- ասել է Սադոյանը:
Նա ՀԱԿ առաջնորդի նման դրսևորումը բացատրել է նրանով, որ վերջինս ցանկանում է ամեն ինչում միակը երևալ:
Լրագրողներից մեկը խնդրել է բանախոսին մեկնաբանել` ինչպես է վերջինս վերաբերում այն հրապարակումներին, որ երբ ինքը եղել է Ազատության հրապարակում, մարդիկ ոչ վայելուչ արտահայտություններ են հնչեցրել նրա հասցեին:
Սադոյանն ասել է, որ իր առջև ոչ ոք ոչինչ չի ասել, ինքը չի լսել.
«Բայց ես կես ժամ էնտեղ եմ եղել, իսկ դուք իրավունք եք վերապահում նման սուտ ասել, ես չեմ լսել: Կես ժամ էնտեղ եմ եղել, ի միջի այլոց, Րաֆֆին շատ էր փոխվել, էնպես էր նիհարել, որ մի պահ մտածեցի` ինքն ա, թե չէ: Ինքը մոտեցավ, համբուրվեցինք, զրուցեցինք, երկար ժամանակ զրուցել ենք: Երբ սուտը դառել է մեթոդ, երբ հատուկ, դիտմամբ առանց որևէ հիմքի փորձում են վարկաբեկել մարդկանց, և դա այսպիսի բարձր ամբիոնից են հնչեցնում, ասում են` Սադոյանը մազութից ա էլի խոսում: Հիմա փորձում են ամեն քայլափոխի կեղտ շպրտել, ամաչում ես նույնիսկ պատասխան տաս, Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա կողմնակիցների կողմից ա դա արվում, կեղտը հասել ա էն աստիճանի, որ բացահայտ սուտ են ասում հենց էս դեպքի հետ կապված, փոխանակ ասեն` բա չամաչեցիր, չմոտեցար Րաֆֆիին, ասում են Սադոյանը եկավ, բայց թողեց փախավ, որովհետև կողքից անպատվում էին: Տեսեք ինչ աստիճանի կեղտ»,- ասել է Սադոյանը: