Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում տեղեկայաված Մուամար Քադաֆիի նստավայրերից մեկը, որը ծառայում էր որպես ռազմական ղեկավարության կենտրոն, ռմբակոծվել է Կոալիցիայի ռազմաօդային ուժերի կողմից:
«ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 1973-րդ բանաձևի շրջանակներում` մենք շարունակում ենք հարվածել թիրախային կետերին, որոնք անմիջական սպառնալիք կարող են հանդիսանալ Լիբիայի ժողովրդի համար»,- հայտարարել է Կոալիցիայի մամուլի քարտուղարը:
Ռմբակոծված կառույցը գտնվում է Քադաֆիի վրանից 50 մետր հեռավորության վրա, որտեղ նա ընդունում էր իր հյուրերին: Տուժածների մասին դեռևս տեղեկատվություն չկա: Ինչպես նաև Լիբիայի առաջնորդ Քադաֆիի գտնվելու մասին չկա որևէ տեղեկատվություն:
Նախօրեին Ամերիկայի ռազմական ուժերի միացյալ կոմիտեի ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Քադաֆին չի հանդիսանում Կոալիցիայի ռազմական գործողությունների թիրախ: Ինչպես ասել է փոխծովակալ Բիլ Գորտնին, Քադաֆիի նստավայրը չէր դասվում ռազմավարական օբյեկտների շարքին, որոնք պետք է ռմբակոծվեին:
Կոալիցիայի ուժերն արդեն Լիբիայի ուղղությամբ արձակել են 124 հրթիռ: Ըստ Լիբիայի պետական ԶԼՄ-ների`Կոալիցիան հարվածներ է հասցրել մեծ քաղաքներում քաղաքացիական նշանակություն ունեցող օբյեկտներին, այդ թվում` Տրիպոլիում, Բենղազիում և Զուվարիում, ինչպես նաև Միսրատայում գտնվող նավթի պահուստներին, որի արդյունքում այնտեղ հրդեհներ են բռնկվել:
Արևմտյան ԶԼՄ-ների տվյալներով` Կոալիցիայի գործողությունների արդյունքում խաղաղ բնակչության զոհերի թիվը հասել է 64-ի:
Կիրակի օրը Լիբիայի բանակի հրամանատարական կազմը հրաման է արձակել անմիջապես դադարեցնել կրակը: Սակայն Վաշինգտոնում հայտարարել են, որ այդ հրամանը շատ արագ խախտվել է Քադաֆիի զինակիցների կողմից, և Կոալիցիան շարունակել է հարվածներ հասցնել Լիբիայի ուղղությամբ: