Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի մի քանի համախոհներ փորձել են հարձակվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի վրա Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում գտնվող Թահրիր հրապարակում:
Քադաֆիի կողմնակից մոտ 50 ցուցարարներ շրջապատել են գլխավոր քարտուղարին: Պան Գի Մունը դուրս էր գալիս արաբական երկրների լիգայի շտաբ-բնակարանից, երբ գլխավոր քարտուղարի և նրա թիկնապահների վրա հարձակվել են վրդովված լիբիացիները:
Նրանց ձեռքերում Քադաֆիի նկարներ կային, ինչպես նաև ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի քաղաքականությունը քննադատող կարգախոսներով պաստառներ: Թիկնապահների շնորհիվ Պան Գի Մունին հաջողվել է կրկին վերադառնալ հաստատություն, այնուհետև լքել շտաբ-բնակարանը մեկ այլ մուտքով:
Նշենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը թիվ 1973 բանաձև է ընդունել, որի համաձայն լիբիական օդային ուժերին արգելվում է թռիչքներ իրականացնել սեփական օդային տարածքում և միաժամանակ թույլ է տալիս միջազգային հանրությանը ապահովել այս ռեժիմը պահպանումը ռազմական միջոցներով: