Home / Հայաստան / «Էժանագին սերիալ». նախագահը բաժանվում է կնոջից նրան նախագահ դարձնելու համար

«Էժանագին սերիալ». նախագահը բաժանվում է կնոջից նրան նախագահ դարձնելու համար

Գվատեմալայի նախագահ Ալվարո դե Կոլոմը և նրա կին Սանդրա Տորես դե Կոլոմը որոշել են ամուսնալուծվել, որպեսզի երկրի ներկայիս առաջին տիկինը հնարավորություն ունենա իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններին:

Լատինաամերիկյան հանրապետության գլխավոր զույգը ստիպված է եղել այս քայլին գնալ երկրի Սահմանադրության պատճառով, համաձայն որի գործող նախագահի մոտ բարեկամները չեն կարող թեկնածություն առաջադրել նախագահական ընտրություններում:

Դատարանի պաշտոնական ներկայացուցիչը հաղորդել է, որ «փոխադարձ համաձայնությամբ» ամուսնալուծության մասին դիմումը զույգը դատարան է ներկայացրել մարտի 11-ին`Սանդրայի կողմից նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին հայտարարությունից ուղիղ երեք օր անց:

Սակայն սահմանադրական դատարանը դեռ պիտի որոշի` նախագահի կինն իրավունք ունի իր թեկնածությունն առաջադրել, թե ոչ:

«Փոխզիջում, նորարարություն և կարգապահություն» ընդդիմադիր կուսակցությունը ներկայացնող թեկնածու Էդուարդո Սուխերը համեմատել է տեղի ունեցող իրադարձությունները «էժանագին սերիալի» հետ, որը բացարձակապես տեղին չէ, երբ հարցը վերաբերում է երկրի ապագային:

Գվատեմալայում նախագահական զույգի ամուսնալուծության փաստը համարում են ամենաանբարոյական արարքը: Այսպիսի կարծիք ունի, օրինակ, եկեղեցին, որը բավական ազդեցիկ ուժ է գվատեմալական քաղաքականության մեջ: