«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին ուղղակիորեն երեք անգամ բաց տեքստով ներկայացավել են հոդվածներ չգրելու հորդորներ` հետագայում այդ հորդորները համեմվել են որոշ սպառնալիքներով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Փաշինյանի փաստաբան Վահե Գրիգորյանը:
«Նման հորդորներ նրան փոխանցելու փորձ մի անգամ եղել է նաև իմ միջոցով: Փորձել են ինձ համոզել, որ ես նրան համոզեմ, որ նա հոդվածներ չգրի»,- ասել է Վահե Գրիգորյանը և նշել, որ այդ փորձն արել է ՔԿՀ-ի վարչակազմը: Գրիգորյանը նաև տեղեկացրել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ առանձնատեսակցություն չեն թույլատրել, բայց հանդիպումներ թույլատրում են, սակայն պարտադիր ՔԿՀ-ի ներկայացուցչի ներկայությամբ:
«Նրանք ամբողջությամբ լսում են մեր խոսակցությունը, ես գրեթե վստահ եմ, որ այդ խոսակցությունը ձայնագրվում է, այսինքն` աշխատանքային որևէ պայման չի ապահովվում: Նիկոլ Փաշինյանը չունի հնարավորություն նաև իր հարազատների և իմ միջոցով հոդվածները արտաքին աշխարհ ուղարկել, որովհետև ամեն իմ հետ ունեցած հանդիպումից առաջ նրան մանրազննին խուզարկում են, ինչպես վերջերս է եղել, և նրա մոտից ընդամենը մի գրություն են հայտնաբերել և թույլ չեն տվել, որ հետը բերի: Գրությունը վերաբերում էր իր նկատմամբ տեղի ունեցած հետապնդումներին»,- ասել է Վահե Գրիգորյանը:
Փաստաբանի կարծիքով` ոմանց համար անցանկալի են Նիկոլի կողմից հրապարակվող հոդվածները:
«Ներկայումս Նիկոլ Փաշինյանը գտնվում է դատավարության մեջ Եվրոպական դատարան ներկայացրած գործի սահմաններում, և ես վստահ եմ, որ այդ ռեժիմը, որն իր նկատմամբ կիրառվում է, նպատակ է հետապնդում մինչև դատարանին փաստարկ ներկայացնելը կառավարությանը տեղեկացնել, թե ինչպիսի փաստարկներ են ներկայացվում, որոնք են նրա բացատրությունները, նրա հիմնավորումները»,- հայտարարել է Գրիգորյանը: