Ոստիկանությունը ավարտել է Թբիլիսիի Չոլոկաշվիլի փողոցում գտնվող թիվ 95 դպրոցի շենքում պայթուցիկ սարքի վնասազերծմանն ուղված աշխատանքները: Հետազոտությունից հետո պարզվել է, որ պայթուցիկը ընդամենը ուսուցողական նռնակ է: Նռնակը հայտնաբերել է դպրոցի պահակը:
Տեղում աշխատող ոստիկանները հայտարարել են, որ նռնակը ուսուցողական է, և իրենից վտանգ չի ներկայացնում:
Ուժայինների ներկայացուցիչներն արդեն լքել են միջադեպի վայրը:
Ինչպես հայտարարել է պահակ Ավտո Չալաձեն, նռնակը հայտնաբերվել է այսօր առավոտյան աշխատասենյակներից մեկում: Այնուհետև նա դուրս է բերել նռնակը, և դրել է փողոցում գետնին: Ոստիկաններին կանչել են անցորդները, որոնց փողոցում գցված առարկան կասկածելի է թվացել:
Դպրոցի նախորդ տնօրենի տվյալների համաձայն, 95-րդ դպրոցը փակվել էր կրթության նախարարության կողմից օգոստոսի 11-ին և միացվել 81-րդին: Տնօրենի խոսքով` «հաստատությունից դուրս են բերվել բոլոր իրերը, սակայն, ինչպես պարզվել է, ռազմական ամբիոնի որոշ իրեր դեռ մնացել են հաստատությունում»: