Երկու բռնաբարությունների, ինչպես նաև սեռական բնույթի այլ հանցագործությունների մեջ մեղավոր ճանաչված Իսրայելի նախկին նախագահ Մոշե Կացավը 7 տարվա ազատազրկման է դատապարտվել, ինչպես նաև երկու տարվա պայմանական ազատազրկման` 3 տարվա փորձաշրջանով: Նա պետք է 27 հազար ԱՄՆ դոլարի չափով տուգանք վճարի տուժածներին:
NEWSru Israel-ի փոխանցմամբ` իսրայելական վերլուծաբաններն այս վճիռը մեղմ են գնատել, քանի որ այսպիսի հանցագործությունների համար կարող էր 16 տարվա ազատազրկման ենթարկվել:
Թել-Ավիվի դատարանը մեղավոր է ճանաչել Կացավին նրանում, որ 1990-ականներին` դեռևս նախարարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում, երկու անգամ բռնաբարել է իր վարչակազմի աշխատակցուհիներին, իսկ նախագահի պաշտոնին եղած տարիներին սեռական ոտնձգություններ է կատարել այլ կանանց նկատմամբ: Կացավը իրեն մեղավոր չի ճանաչում:
Չնայած խոշոր սկանդալին`իշխանությունների աշխատանքի վրա այս փաստը քիչ է անդրադարձել, քանի որ Իսրայելում նախագահը մեծ հաշվով խորհրդանշական պաշտոն է:
Նշենք նաև, որ 2006-ի հոկտեմբերին Կացավին ծաղրական տոնով «աջակցել է» Վլադիմիր Պուտինը` այն ժամանակ ՌԴ նախագահ: Հանդիպելով այդ տարիներին Իսրայելի կառավարության ղեկավար Էհուդ Օլմերտի հետ` նա բացականչել է. «Ողջունեք ձեր նախագահին: Պարզվում է ուժեղ տղամարդ է: 10 կին է բռնաբարել: Չէի սպասում նրանից: Նա մեզ բոլորիս զարմացրեց: Մենք բոլորս նրան նախանձում ենք»: Օլմերտը, ի պատասխան Պուտինի բացականչությանը, ասել է. «Պետք չէ նախանձել Կացավին»: Ինչպես այժմ պարզվեց, նա ճիշտ էր: