Փետրվարի 24-ից ի վեր «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի նամակներ ուղարկելու ապօրինի սահմանափակումներն էլ ավելի են ահագնացել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Փաշինյանի փաստաբան Վահե Գրիգորյանը:
«Մասնավորապես, եթե մինչև փետրվարի 24-ն այդ ամենը սահամանփակվում էր նրա նամակները վերցնելով ու չուղարկելով, ապա փետրվարի 24-ին նրա մոտ տեղի է ունեցել, այսպես կոչված, խուզարկություն և նրանից առգրավել են իր բոլոր գրենական պիտույքները: Նրան ուղղակի ֆիզիկապես են արգելում որևէ բան գրել: Կոնկրետ իմ հետ հանդիպումների ընթացքում ես ինքս արձանագրել եմ և Եվրոպական դատարանին համապատասխանաբար ներկայացրել եմ, որ ցանկացած վայրկյան, երբ Նիկոլ Փաշինայնը գրիչը վերցնում է ձեռքը (մեր հանդիպումենրը երբեք չեն եղել առանձնատեսակցության ռեժիմով և միշտ ներկա է եղել ՔԿՀ-ի վարչակազմի ներկայացուցիչ), դա անմիջապես արգելվում է և կոնկրետ աշխատակիցը գալիս, նստում է Նիկոլի կողքը` մեկ-երկու, մաքսիմում 4 մետր հեռավորության վրա, որպեսզի կարողանա նաև մեր շշուկները լսել, և արգելում այդ ամենը գրել»,- ասել է Վահե Գրիգորյանը:
Նա նշել է, որ այս մասին բողոքները 2010 թվականից ի վեր իր կողմից պարբերաբար ներակայացվել են ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին (լուսանկարում) անձամբ:
«Ոչ մի բան չի ձեռնարկվում, ավելին` ՔԿՀ-ն հերքում է, որ որևէ նման խախտում է տեղի ունեցել: Արդարադատության նախարարը էֆեկտիվորեն հովանավորում է ՔԿՀ-ի կողմից տրամադրվող բացահայտ սուտը», – ասել է փաստաբանը:
Նա մեջբերել է ՀՀ արդարադատության նախարարի` 2011 թվականի հունվարին կայացած մամուլի ասուլիսին հնչեցված խոսքերը, համաձայն որոնց կնշանակվի ծառայողական քննություն և, «եթե տեղի է ունեցել խախտում, ձեզ խոստանում եմ, որ մեղավորները կպատժվեն»:
«Ես երկու անգամ խնդրել եմ ծառայողական քննության եզրակացությունը, ոչ մի նման բան չի տրամադրվել, ավելին` արդարադատության փոխնախարարը ինձ ուղղակիորեն տեղեկացրել է, որ տեղի է ունեցել ոչ թե ծառայողական քննություն, այլ ծառայողական ուսումնասիրություն: Այսինքն` մի գործընթաց, որը օրենքով նախատեսված չէ առհասարակ, և որի ընթացքում, ենթադրվում է, նյութեր չեն նախապատրաստվում: Այսինքն դրա իսկությունը ոչ ոք չի կարող ճշտել»,- հայտարարել է Վահե Գրիգորյանը: